Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԻԳՐԱՆ ՇԱՀԵՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Տիգրան Շահենի Պետրոսյան Բարձր առաջադիմությամբ ավարտելով դպրոցը, հետևեց հոր՝ Շահեն Պետրոսյանի օրինակին։ Ավարտեց Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ապա՝ ասպիրանտուրան։ Շուրջ ութ տարի զբաղվել է գիտական աշխատանքով։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է։ Նշանակվել է հանրապետության դատախազության գրասենյակի տեսուչ, ընդհանուր հսկողության բաժնի դատախազ, հանրապետության դատախազության տնտեսական գործունեության ոլորտում՝ օրենքների կատարման հսկողության բաժնի պետ։

Մեղմ է, գործի մեջ՝ բծախնդիր, կենցաղում՝ չափավոր, փոխհարաբերություններում կիրթ, սակավախոս, գործարար ու ջանասեր։ Նրա բնավորության այս գծերը ժառանգել են տոհմի նորեկները ու թող օրհնությամբ կրեն որպես հոգևոր զարդ։

Այժմ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալն է։


ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում աշխատելու տարիներին, նա ձեռք բերեց նոր կոփվածք։ Այսօր նա հանրապետության այն եզակի մարդկանցից է, որը հրաշալի տեսնում է Հայաստանի տնտեսական ու հոգևոր զարգացման ուղղությունները։ Հաստատում, կյանքի ուղեգիր է տալիս հասարակական կազմակերպություններին, որոնք իրականացնում են տնտեսական ու հոգևոր ոլորտի բազմապիսի ծառայություններ, կապեր ստեղծում արտասահմանյան երկրների հետ։

Տիգրան Շահենի Պետրոսյանը Հայաստանի անկախ հանրապետության արդարադատության գործի առաջին կազմակերպիչներից մեկն է։