Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հետախույզ Սուրեն Գրիգորյանին, դաշտային թիկնոցն ուսերին, կապտավուն ձիուն հեծած։ Նա հմուտ հետախույզի անուն ուներ։ Ինքն էր մեքենայի մասին տեղեկություն հայտնել մեր գումարտակի հրամանատարությանը։

Հոկտեմբերի 9-ին մենք լիովին ազատագրեցինք Թաման թերակղզին և քաղաքը։ Թամանում տարած փայլուն հաղթանակների համար, 89-րդ լեռնահրաձգային դիվիզիային շնորհվեց «Թամանյան» անունը։

Քաղաքն ազատագրելուց հետո, մենք մի քանի օր հանգստանալու իրավունք ստացանք։ Այդ օրերին հանդիպեցի մեր գյուղացի Թաթուլ Հարությունյանին, Սուրեն Զաքարյանին, Գերասիմ Կիրակոսյանին։ Տեղեկացանք մեր այն համագյուղացիների մասին, ովքեր զոհվել էին այդ ճակատամարտում։

Դիվիզիային Թամանյան անուն շնորհելու կապակցությամբ, Հայաստանից պատվիրակներ էին եկել, որոնց մեջ էր բանաստեղծ Ազատ Վշտունին։ Նա մի քանի ոգեշունչ բանաստեղծություններ կարդաց մեզ համար։

Օրեր, ամիսներ անցան։ Մենք քայլ առ քայլ ազատագրում էինք մեր հողերը։ Հիշում ու մղկտում եմ, թե քանի-քանի ընկերներ կորցրի։ Ինքս էլ վիրավորվեցի, վերադարձա տուն։ Որքան էլ դաժան էր պատերազմը, ինձ համար անհունորեն թանկ են այդ հիշողությունները։ Դրանք ոգեշնչել են ինձ մարտադաշտում և այսօր էլ օգնում են ապրել և աշխատել։ Հիրավի, ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում։

Պատերազմի ավարտից 25 տարի անց ինձ կանչեցին Երևանի 26 կոմիսարների անվան շրջ. զինկոմիսարիատ և հանձնեցին «Կարմիր աստղի» շքանշան։

Երբ լսում եմ, թե ինչպիսի համառությամբ ու հետևողականությամբ տասնյակ տարիներ անց, մարդիկ փնտրում ու գտնում են միմյանց, չեմ զարմանում։ Նրանց այդ բանին մղում են ծանր հիշողությունները։

Խորհրդային զինվորների սխրագործությունների մասին շատ է գրվել ու դարձյալ կգրվի։ Նենգ թշնամու դեմ պայքարը համաժողովրդական էր, հերոսությունը՝ զանգվածային։

ԴՎՈՅԵՆՑ ԱԼԵՔՍԱՆԸ

Ալեքսանը բարի ու անմեղ մարդու համբավ ուներ։ Հաճախ անմեղ ու զվարճալի պատմություններ էր հորինում, ուրախացնում մարդկանց։ Մի անգամ հարցրի. «Ալեքսան, քո պատմությունները զվարճալի են, բայց թե սուտը մնում է սուտ»։ Պատասխանեց. «Աշխարհը, կյանքը ինքնին