ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՄԱՐՏԱԴԱՇՏՈՒՄ
(ԵՐԿՈՒ ՏՈՂ ԷԼ ԻՄ ՄԱՍԻՆ)
Մարտադաշտում ինձ հազվադեպ է համակել երջանկության զգացումը։ Գուցե միայն այն պահերին, երբ զգում էի մեր մոտալուտ հաղթանակը։ Բայց այդ պահերին էլ կարծես լիակատար չէր երջանկությունը, քանի որ քաջ գիտեի, թե ի՞նչ գնով է ձեռք բերվում հաղթանակը։ Ես ինձ երջանիկ էի զգում հատկապես այն պահերին, երբ մարտադաշտում հանդիպում էի հայրենակիցներիս։ Այդ անակնկալ հանդիպումները հոգեկան մեծ լիցք էին հաղորդում մեզ։ Հայրենի գյուղի կարոտը կայտառացնում էր մեր հոգիները։
1942թ. օգոստոսն էր, երբ զորակոչվեցի բանակ։ Դդմաշենից ութ հոգի էինք, Սևանից՝ 30-ից ավելի։ Մեզ ուղարկեցին Վրաստանի Սուրամի քաղաքը, այնտեղից՝ տարբեր զորամասեր։ Ես միշտ փայփայում էի այն հույսը, որ մենք վերստին կհանդիպենք մարտադաշտում։ Ոչ մեկս չէինք կասկածում, որ մենք հաղթելու ենք, թեև ոչ մեկս էլ չէր պատկերացնում, որ պատերազմը այդքան երկար է շարունակվելու։
1943թ. հոկտեմբերի վերջերին մեր զորամասը ուղղություն վերցրեց դեպի Նովորոսիյսկ։ Ոտքով էինք գնում։ Ճանապարհով սայլ էր անցնում։ Սայլվորը ծանոթ թվաց։ Ձայն տվեցի. «Խաչիկ, Խաչիկ»։ Նա էր։ Կանգնեցրեց սայլը։ Ողջագուրվեցինք։ Մի քանի րոպեի ընթացքում հասցրեց ինձ բազմաթիվ խորհուրդներ տալ։ Նայում եմ մարտերում կոփված համագյուղացուս ու հիանում։ Հենց Խաչիկն էլ հայտնեց, որ մեզ տանում են 89-րդ Հայկական լեռնահրաձգային դիվիզիա։ Այդպես էլ եղավ։ Այդ օրերին մեր գունդը դիրքեր էր գրավել Սախրնայա Գոլովկա բարձունքի լանջերին։ Սեպտեմբերի 16-ին լսեցինք Հունան Ավետիսյանի սխրագործության մասին և այդ օրն էլ մեր դիվիզիայի զորամասերը, ճեղքելով գերմանացիների պաշտպանական «կապույտ գիծը», ազատագրեցին Նովորոսիյսկը, ուր մեկ տարի ամրացել էր թշնամին։
Բականսի շրջկենտրոնի մոտ հանձնարարություն ստացա կանգնեցնել ֆաշիստական փակ թափքով բեռնատար ավտոմեքենան, որը, կողոպտած թանկարաժեք իրեր բարձած, նահանջում էր։ ժամանակ չկորցրի։ Շուտով հեռվից երևաց մեքենան։ Հակատանկային հրացանի դիպուկ կրակով ինձ հաջողվեց շարքից հանել անվադողերը։ Վարորդն ու ուղեկից սպան դիմեցին փախուստի, իսկ նրանց դիմացից գալիս էին իմ մարտական ընկերները։ Ֆաշիստները հանձնվեցին։ Նրանք մեքենայով, թանկարժեք իրերի հետ տանում էին նաև խորհրդային մի խումբ պատանիների։ Այդտեղ էլ ես հանդիպեցի մեր հարևան, Ծաղկունք գյուղի բնակիչ,