Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/460

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ է ասում։ Այ տղա, էն հրամանատարը հլա սա՞ղ է...

— Բա ո՜նց,— վրա է բերում թոռը,— սաղ, սալամաթ է։ Քեզ բարև ղրկեց։

Հիրավի՜, բարի անվան տեր է Մարսել Սիմոնյանը։ Բազմաշնորհ երիտասարդ։ Գերազանց տիրապետում է հյուսնի, թիթեղագործի, դարբնի, էլեկտաեռակցողի, ավտովարորդի մասնագիտություններին։ Իրավացի են մարդիկ, որ ասում են՝ Մոսոն փայտից, թիթեղից, երկաթից կարող է մարդ պատրաստել։ Նրա պատրաստած բոլոր իրերն ու թիթեղյա ամանները գործարանային արտադրանքից ոչ մի բանով չեն տարբերվում։ Նրա արհեստանոցը նման է փոքր գործարանի։

Նրանից ետ չեն մնում նաև եղբայրները՝ Գուրգենն ու Արծրունը, որդիները՝ Ավետիսը, Վահագնը։

Մարսելը ձեռնամուխ է եղել գյուղի եկեղեցու լուսամուտների երկաթյա շրջանակները պատրաստելու գործին։

Արժե հիշել նաև մեր գյուղի հացթուխներին՝ Գորեյի Ավագին, Հուլուլույ Խաչոյին, Ալոյի Խաչոյին։

Դդմաշենցի մի խումբ կանայք անվանի գորգագործներ են։ Գյուղում հիմնվել և գործում են «Հայգորգ» միավորման, «Արագած» մանվածքային ֆաբրիկայի մասնաճյուղերը, ուր աշխատում են հարյուրից ավելի կանայք ու տղամարդիկ։ Հանքային ջրերի ու լիմոնադի արտադրամաս է ունեցել Աղասի Խաչատրյանը, իսկ ներկայումս գործում է Դրաստամատ Մինասյանի որդիների արտադրամասը։

Հրազդան գետի վրա աշխատել են մոտ երկու տասնյակի չափ ջրաղացներ, որոնք գործում էին մինչև 1945-50 թվականները։ Կարելի՞ է մոռանալ, մանավանդ, Ասպատուրի Մանուկի և նրա եղբայր Գևորգի յոթ քարով աշխատող ջրաղացը։ Քարերից մեկը ձախ էր պտտվում։ Դա հաճարի աղաց էր։ Սրամիտները նրան «Մոլորակ» անունով էին կոչում։ Այսօր էլ ամենքը հիշում են արժանավոր մարդկանց՝ Մաշարցու, Սեփոյի, Մարոյի, Հակոյ․ Ափրոյի, Սաֆարի, Ճլլկի Խաչոյի, Սենիքերիմի, Սահակի Գոյրազի, Մուքհարթենի Նիկոլի, Մակարի Բալաբեկի ջրաղացները։ Կոլեկտիվացման տարիներին բոլորն էլ հանձնվեցին կոլտնտեսության տնօրինությանը։ Տարիներ հետո գետի հունը փոխվեց, ջուրը հոսեց թունելախորշով։ Ջրաղացները անգործության մատնվելով, ավերվեցին։ Այժմ հազիվ են նշմարվում աղացների տեղերը։ Բայց երբեք չեն մոռացվում նրանց տերերի անունները։

Մեր գյուղում կային նաև երաժշտական գործիքներ, սառը զենք և այլ գործիքներ պատրաստող վարպետներ։ Նրանցից մեկն էր Արշակ Միրզոյանը