Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գտել։ Օգտագործելով գյուղի տարածքում եղած կավը, նրանք ճաշի ամաններ, կաթի, լվացքի տաշտեր, կճուճ, քասաներ, կափարիչներ էին պատրաստում և բավարարում գյուղացիների պահանջները։

Բրուտագործի, ինքնուս վիրաբույժի ու դեղագործի անուն էր վաստակել Փիփրան Վարդանյանը (Դաշկովի մայրը)։ Զանազան ծաղիկներից ու խոտաբայսերից, իսկ երբեմն էլ չորացած արմատներից նրա պատրաստած դեղերը կատարյալ սպեղանի էին հիվանդների համար։ Հյուսնի բարի համբավ ունեին Եղիազար Ստեփանյանն ու իր որդիները՝ Բալաբեկն ու Ավագը, Արսեն Մկրտչյանը, Արմենակ Ավագյանը, Արզուման Սիմոնյանը, Մանուկ Վարդանյանն ու իր որդի Սերյոժան, Մուքհարթենի Նիկոլը, Ադիբեկ Մարտիրոսյանը, Ադիբեկ Ասլանյանը, Լիազոր Ներսիսյանը և ուրիշները։ Սայլ, ֆուրգոն, պահարան (գրքերի և հագուստի), ճաշասեղան, աթոռ, մահճակալ, դռներ ու պատուհաններ, ահա նրանց պատրաստած իրերի ոչ լրիվ ցանկը։ Վարպետ Նիկոլը երիտասարդներին պատմում էր մի ծիծաղաշարժ պատմություն.

— Ցարական կարգերի օրոք էր։ Բանակում ծառայում էի։ Մի օր նորակոչիկներիս շարք էին կանգնեցրել։ Մի սպա մոտեցավ և հրամայեց. «Ովքեր պլոտնիկ են, թող շարքից դուրս գան»։ Շատերի հետ ես էլ շարքից դուրս եկա, ճիշտ չհասկանալով «պլոտնիկ» բառի իմաստը։ Հրամանատարը մոտեցավ ինձ, հարցրեց. «Կարո՞ղ ես սահնակ պատրաստել»։ Ես գլխով դրական պատասխան տվեցի։ Ուշ աշուն էր։ Սկսեցին ձիասայլերով գերաններ տեղափոխել։ Ամիսներ շարունակ գերանները տաշում-տաշում էի, սահնակի մյուս մասերը պատրաստել եմ, բայց ոչ մի կերպ գլխի չեմ ընկնում, թե սահնակի ոտքերի կորությունը ինչպե՞ս ապահովեմ։ Մտքերով տարված, մեկ էլ տեսնեմ հրամանատարը կողքիս կանգնած, նայում է։ Ահն ընկավ սիրտս։ Նա նայեց ինձ, իմ կատարած աշխատանքին։ ժպտաց ու շշնջաց. «Նիկոլայ, դարագոյ, ուժե վեսնա, բոլշե նե նադա»։ Ուրախացա. Փառք աստծո, անփորձանք պրծա։

Նիկոլի թոռը՝ Մարսելը, որ զինվորական ծառայությունն անցկացրել էր խորհրդային բանակում, արձակուրդ ստացել, վերադարձել էր տուն։ Նիկոլն արդեն 100 տարեկան էր։ Նույնքան էլ կինը՝ Բերսե մայրիկը։ Պապը հարցնում է.

— Տղա ջան, ծառայությաւնդ պրծա՞վ, որ այդքան շուտ եկար։

Թոռը կատակով պատասխանում է.

— Պապի ջան, քո կիսատ թողած սահնակը սարքեցի, վերջացրի, ինձ արձակուրդ տվին։