Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հրաժեշտի ձեռքսեղմումներ, համբույրներ։ Աշակերտներից մեկը չմոտեցավ։ Մի կողմ քաշված, գլխիկոր, տխուր հեկեկում էր։ Ուսուցչուհին շոյեց նրա մազերը.

— Ինչո՞ւ ես լալիս...

— Էլ չեմ անի, մի գնա...

Մի օր առաջ ուսուցչուհին դասի ժամանակ ասաց.

— Այ, բարկացնես, կգնամ կենսաթոշակի, այլևս դպրոց չեմ գա։

Երեխային թվում էր, թե ուսուցչուհին իր պատճառով է գնում։

Երեխայի արցունքները տեսնելով, ուսուցիչներից մեկն ասաց.

— Տիկին Երանուհի, մի գնա, մենք էլ ենք խնդրում...

Սակայն պետք է գնար, հոգնած էր։

Գնաց։

Երանուհին ծնողների միակ ժառանգն էր։ 1932-ին ավարտեց գյուղի յոթնամյա դպրոցը։ 1935-ին Հրազդանի շրջկենտրոնի դպրոցում սովորելիս աչքի ընկավ բարձր առաջադիմությամբ։ Ուսուցիչները նրա մեջ տեսան հոգատար, բարի մարդու, լավ ընկեր։

— Անպայման մանկավարժ կդառնաս,— խորհուրդ էին տալիս նրան։

Միջնակարգն ավարտելուց հետո աշխատեց Արզական գյուղի դպրոցում։ Ամուսնացավ նույն դպրոցի ուսմասվար Վարդգես Կարապետյանի հետ։ Վերադարձավ իր ծննդավայրը։ Կյանքն ընդմիշտ կապեց գյուղի հետ։

Ավա՜ղ, Վարդգեսի հետ նա ապրեց ընդամենը վեց տարի։ Ամուսինը զոհվեց փոթորկում մարտում, քաջի մահով։

Երանուհին շուրջ քառասուն տարի աշխատեց դպրոցում, որից երեսուն տարի՝ ուսմասվար։

Նրան էր պատկանում գյուդի ամենահարուստ գրադարանը։

Երանուհի Նահապետյանի որդիներից Գևորգը միջնակարգն ավարտեց արծաթյա մեդալով։ Ստացավ բարձրագույն կրթություն։ Վալտերը գերադասեց հաշվապահական աշխատանքը։

Երանուհին պարգևատրվեց Աշխատանքային փառքի շքանշանով ու վեց մեդալով։