Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զինվոր էր հպարտ, ուժեղ ոււ սիրուն,
Ծաղիկ նա դարձավ չտեսած սիրուն,
Ծաղիկ, որից խորշում է և մեղուն...

Հիշում է ոգին իր դարերը սև
Նստած գլխիկոր իր ծաղկի կողքին,
Արցունք է լցվում նրա սև աչքին,
Գլորվում է ու կաթում իր կողքին,
Կարմիր ավագի արյունոտ կրծքին։

Ավագի վրա ծաղի՞կ, ի՞նչ հրաշք։
Ծաղիկն այդ արյամբ է ծնվում,
Արցունքով սնվում։

Բացվում է փակ երկնակամար,
Փայլում են սարերը մարմար։
Թռչում է հոգին դեպ երկնակամար,
Որ մարդիկ չտեսնեն մարմինն այլանդակ,
Եվ չդառնան նրանց սրտերը դիակ։


ՍԱՐԳԻՍ

Դդմաշենում նոր սերունդը երևի չի ճանաչում Սարգիս Հովհաննեսի Բադալյանին։ Մինչդեռ նա այս գյուղի հարազատ ծնունդն է, Մեծ Հայրենականում զոհված Սարգիս Հովհաննեսի Բադալյանի թոռը։

Պատերազմից հետո այրի Աքսենիկի համար դժվար էր իր հինգ որբերին մեծացնել։ Ճարահատյալ հեռացավ գյուղից, մեկնեց Չարենցավան։ Այն ժամանակ այստեղ Գյումուշհէկի բանավանի շինարարությունն էր ընթանում։

Բանվորներին լավ էին վարձատրում։

Ընտանիքն ապրեց, զորացավ։ Հետո արդեն սկսեց ճյուղեր արձակել։ Սարգսի որդիներից ավագը պապի անունն էր կրում՝ Հովիկ-Հովհաննես։ Երբ վերջինս արու զավակ ունեցավ, իր հերթին հոր անունով կնքեց՝ Սարգիս։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, Սարգիսը սովորել է Ալմա-Աթայի ՊԱԿ-ի ռազմական դպրոցում։ Սակայն ուսումը կիսատ թողնելով՝ գնացել է բանակ։ 1992-ին մասնակցել է ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին, որտեղ վաղուց կռվում էր հայրը՝ Հովիկ–Հովհաննեսը։