Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/497

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍԱՄՎԵԼ ԴԱՎԻԹԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տարիներ առաջ զորակոչվել էր բանակ, երկու տարի ծառայելուց հետո զորացրվել։ Սովորել էր ավտովարորդի, ծեփագործի, որմնադիրի մասնագիտություն։ Հողամաս էր ստացել, տուն էր կառուցում՝ սեփական ձեռքերով ավարտել էր շենքի առաջին հարկի շինարարությունը։ Կիսատ թողնելով շենքի շինարարությունը՝ Սամվելը նույնպես անդամագրվեց երկրապահ ջոկատին։ Բոլորից ավագն էր, քառասուներկու տարեկան։ Դդմաշենցիների ջոկատի կազմում մեկնեց Նոյեմբերյան, Իջևան, Կրասնոսելսկ։ Պաշտպանում էր մեր նոր անկախ պետության սահմանները։

1992–1993թթ. կամավոր ծառայեց Կրասնոսելսկի սահմանային դիրքերում։ Զենք ու զրահ հագած՝ երբեմն տուն էր գալիս՝ երեխաների, կնոջ, մոր կարոտն առնում ու նորից մեկնում զորամաս։ 1994-ի փետրվար-մարտին Վարդենիսի ջոկատի ազատամարտիկ-ընկերների հետ փախուստի էր մատնել թուրքերին՝ ավար վերցնելով զգալի թվով զենքի տարբեր տեսակներ։ Ականատես էր եղել ընկերների մահվանը, իմացել համագյուղացի Վարդանի, Սարգսի զոհվելը, որոշել էր նրանց վրեժը լուծել։

Եվ... 1994-ի մարտի 24-ին լսվեց իր՝ 42-ամյա Սամվելի ողբերգական մահվան գույժը։ Մայրը՝ Սիրանուշը, շատ ցավեր է տեսել, շատ կորուստ ունեցել։ Մինչև օրս, սևազգեստ հարսի հետ, սուգ ու շիվանի մեջ է։

Սամվելից հուշ մնացին իր քաջանունը, կիսակառույց տունն ու չորս զավակները...