Jump to content

Էջ:Fahrad Soghomonyan, Ddmashen (Ֆահրադ Սողոմոնյան, Դդմաշեն).djvu/498

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍԻՄՈՆ ՄԱՐՍԵԼԻ ՍԻՄՈՆՅԱՆ

Սիմոնը ութերորդն էր, ութերորդ զոհը։ Ազգի նվիրյալներ էին, եկան ու անցան։ Ու թեև բոլորը չէ, որ այսօր հանգչում են հայրենի գյուղի՝ Դդմաշենի հողում, բայց բոլոր դդմաշենցիների հոգիներում նրանք թողել են իրենց լուսավոր կերպարը։

Այդպես աստղերն են ցոլարձակում ջինջ ջրերի մեջ, այգաբացից առաջ, երբ սկսվում է լույսի հաղթարշավը։

Ծնվել է 1974 թվականին, Սևանի շրջանի Դդմաշեն գյուղում. Միջնակարգ դպրոցը բարձր առաջադիմությամբ ավարտելուց հետո ընդունվել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը։ Ապա փոխադրվել է մենեջմենթի ֆակուլտետի հեռակա բաժին, որտեղից զորակոչվել է բանակ։ Զոհվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս։

Նա 20 տարեկան էր...

Մեծ եղեռնի 79-րդ տարելիցի օրը հողին հանձնվեց Սիմոն Սիմոնյանի աճյունը։ Մոտ ութ տասնամյակ առաջ տեղի ունեցած ցեղասպանության արդարահատույցներն այսօր զոհաբերվում են, որպեսզի վերականգնեն արդարությունը։ Դրանցից մեկը մեր սիրելի Սիմոնն էր։ Համեստ երիտասարդ էր նա, փայլուն ապագա խոստացող, սիրում էր կարդալ։ Նաև զենքի սիրահար էր և գիտեր, որ Արցախ աշխարհը գերության մեջ է։ Իսկ երկիրը գերությունից պիտի ազատի նրա իսկական զավակը։ Զորակոչվեց բանակ։ Ծառայում էր մայրաքաղաքային գնդում, համագյուղացի Թորիս Սաֆարյանի հրամանատարության տակ և, ցավոք, նրա հետ էլ զոհվեց։ Ամբողջ վաշտը կամավոր մեկնեց ռազմաճակատ։ Բազմաթիվ թեժ մարտերի մասնակցեցին նրանք։ Ափսոս, կարճ եղավ Սիմոն Սիմոնյանի մարտական ուղին՝ ընդամենը երեք ամիս, բայց նա՝ գնդացրորդ դդմաշենցին, փառքով պսակեց իրեն։

— Ուրիշ ո՞վ, եթե ոչ իմ տղան,— ասում էր ոսկեձեռիկ հայրը։

Եվ հիմա նա գիտակցորեն ու արիությամբ է տանում որդու կորստի ցավը։

Հայրենիքի համար զոհված զինվորը ազգի ոսկե հունդն է։