Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լսում. և ով ձեզ ընդունում է, ինձ է ընդունում, իսկ ով ձեզ անարգում է, ինձ է անարգում»։ Լսի՛ր քրիստոսին, որ ներկայումս քեզ հետ խոսում է մեր բերանով, որպեսզի չկորչես դու, գուցե թագավորությունից զրկվելով, մենակ ողջ- ողջ շրջես, և ոչ ոք քեզ չօգնի։ Լսի՛ր Քրիստոսին, ինքդ քեզ խնայիր. քո հարազատ եղբոր արյունը մի՛ թափիր, արդար մարդուն անմեղ տեղը անխնա մի սպանիր»։

Իսկ թագավորը քար կտրածի պես ոչինչ չէր լսում, երեսը ծածկել էր շորով և բաց չէր անում, չէր կամենում նրա խոսքերին պատասխանել. այլ գահույքում կողքի ընկած փաթաթվել, ծածկվել էր, տեղից շարժվել անգամ չէր ուզում։ Եվ մինչդեռ (սուրբ Ներսեսը) այսպիսի համոզիչ խոսքերով հորդորում էր թագավորին, Երազմակ դահճապետը դրսից եկավ, մտավ թագավորի սենյակը և սկսեց պատմել. «Արքունի բոլոր հրամանները կատարեցի,— ասաց,— Գնելին առա տարա մինչև որսատեղի պատի տակը, սպանեցի և նույն տեղում թաղեցի»։

Այն ժամանակ սուրբ Ներսեսը խոսել սկսեց և ասաց. «Ինչպես որ քարբ օձը խցում է իր ականջները, որպեսզի ճարտար կախարդի ձայնը չլսի և դեղ չընդունի իմաստուն դեղատուից, այնպես էլ դու ականջներդ խցեցիր, լսողությունդ փակեցիր, որպեսզի աստվածային խոսքի խրատը չլսես, այլ գազանների բարք ստանալով՝ սկսեցիր մարդիկ ուտել։ Ուստի ինչ որ գազանների մասին է ասված, քեզ վրա կկատարվի։ Ասված է. «Աստված նրանց ատամները նրանց բերաններում կփշրի, և առյուծների ժանիքները տերը խորտակեցի։ Որովհետև դու քո տեր քրիստոսի հրամանին ընդդիմացար, ուստի անպիտան ու անարգ դառնաս, ինչպես թափված քուրը, և տկարանաս, երբ սա աղեղը լարի։ Եվ այն կործանումը, որ մարգարեի բերանով ասվեց, կհասնի ձեր վրա, որ դուք՝ Արշակունիներդ, կխմեք վերջին բաժակը, կխմեք, կհարբեք ու կկործանվեք և այլևս չեք կանգնի։ Եվ տիրոջ (երկրորդ) գալստյան ժամանակ հավիտենական կրակի սպառնալիքը ձեր վրա կհասնի, կընկնեք խավարի մեջ և այլևս չեք տեսնի աստծու որդու փառքի արևը։ Իսկ դու, Արշակ, որովհետև Կայենի գործը կատարեցիր, Կայենի