Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հետ, եթե կամենում ես, սպանիր, որովհետև ես՝ քո ծառան, շատ հանցավոր եմ քո առաք, մահապարտ եմ»։

Շապուհ թագավորը նրա ձեռքից բռնած շրջում էր ճեմելով. անմեղ ձևանալով նրան բերում էր հայկական հող շաղ տված հատակի վրա։ Իսկ երբ (Արշակը) այն տեղն էր հասնում, հայկական հողի վրա ոտք էր դնում, սաստիկ ըմբոստանալով, հպարտանալով խոսքը փոխում էր, սկսում էր խոսել և ասել, «Հեռո՛ւ ինձանից, չարագործ ծառա, որ տերերիդ վրա տեր ես դարձել, և ես չեմ ների քեզ ու քո որդիներին իմ նախնիների վրեժը և Արտավան թագավորի մահը: Որովհետև այժմ դուք՝ ծառաներդ, մեր՝ ձեր տերերի, բարձն եք հափշտակել, բայց ես չեմ թույլ տա այդ, մինչև դարձյալ մենք մեր տեղը չգրավենք»։

(Շապուհը) դարձյալ նրա ձեռքից բռնած տանում էր պարսկական հողի վրա. այն ժամանակ (Արշակը) զղջում էր ասածների համար, խոնարհվում էր, նրա ոտքերն էր ըննում. սաստիկ ափսոսում, զղջում էր ասած խոսքերի համար։ Իսկ երբ ձեռքից բռնած տանում էր հայկական հողի վրա, առաջվանից ավելի խիստ էր խոսում։ Նորից հեռացնում էր այդ հողի վրայից, սկսում էր խոսքերով ապաշխարել։ Առավոտից մինչև երեկո շատ անգամ փորձեց նրան, որ երբ հայկական հող շաղ տված հատակի վրա էր տանում, խստանում, ամբարտավանանում էր, իսկ հենց որ կանգնում էր հատակի բուն գետնի վրա, զղջում էր:

Երբ եղավ երեկո՝ Պարսից թագավորի ընթրիքի ժամը, սովորությունն այնպես էր, որ Հայոց թագավորի համար բազմելու տեղ էին պատրաստում այնտեղ՝ նրա հետ, նրա մոտ, նրա տախտի վրա. օրենք էր, որ Պարսից թագավորն ու Հայոց թագավորը մի տախտի վրա էին բազմում, մի գահի վրա, իսկ այն օրը նախ պատրաստեցին բոլոր այնտեղ գտնված թագավորների բազմոցների շարքը, և ամենից վերջը, բոլորից ներքև, Արշակի բազմելու տեղը պատրաստեցին, որի հատակում հայկական հող էին շաղ տվել։ Նախ երբ բոլորը բազմեցին ըոտ իրենց աստիճանների, հետո բերին բազմեցրին Արշակ արքային, նա մի պահ այդ-