Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մյուս մեծամեծ նախարարները, որ նրա մոտ էին, Գնելը և Անձևացյաց գավառի տերը և ուրիշներ, որ մնացել էին այնտեղ, գաղտնապես իմաց տվին Պապ թագավորին:

Ապա Պապ թագավորը դեսպաններ ուղարկեց Դղակ մարդպետի մոտ, թե՝ «Քո ձեռքի տակ եղած զորքերը հավաքի՛ր և հանձնի՛ր Անձևացի Գնելին, իսկ ինքդ շտապ ե՛կ, որովհետև քեզ պետք է ուղարկեմ Պարսից Շապուհ թագավորի մոտ, որ նրա հպատակության տակ մտնեմ»։ Երբ այս լսում է Դղակ մարդպետը, իր մտքում շատ ուրախանում է, թե՝ «Հիմա ինձ հեշտ կլինի իմ մտերմությունը կատարել, ինչպես խոստացել էի Պարսից Շապուհ թագավորին։ Այժմ ես ճանապարհը գտա, որ խոսքերով քնեցնեմ Պապին, որ անհոգ ու միամիտ լինի, և հանկարծակի՝ անսպասելի կերպով նրա գլխի վերև կանգնեցնեմ Պարսից թագավորին»։ Ինքն իր մեջ զվարճանալով պատգամախոս է դառնում երկու թագավորների միջև։ Շտապ ձիավոր դեսպան է ուղարկում Այրարատյան գավառը՝ Արդյանը կոչված մեծ գյուղը, արքունական կալվածքում, Հայոց Պապ թագավորի մոտ, և ինքն էլ գալիս ներկայանում է նրան ու մեծապես մեծարվում։ Ընթրիքի ժամանակ Պապ թագավորը հրաման տվեց Դղակ մարդպետին փառավոր զգեստ հագցնել. նրան հագցրին դրաստ և վարտիք։ Զգեստը չափից դուրս մեծ էր, որ ծալ-ծալ իջնում էր ներքև, այնպես որ չէր կարողանում կարգին հագնվել, որովհետև մեծ զգեստը փաթաթվում էր վրան։ Այս մեծ պատմուճանը հագնելով՝ մեջքին կապեց գոտին, որից թուրը կախված էր, և սուրը մեջքին կապեց. իսկ զգեստի գոտուց ծալքը իջնելով ծածկում էր թուրքն ու սուրը։ Վարտիքը և մույկը հագնելուց հետո նրանը ազդրին կապեց, բայց վարտիքից ծալքը իջնում էր նրանի վրա և ծածկում էր մինչև սրունքը, և Գդակը գլխի չընկավ, թե զգեստի այդ մեծությունը նրա գլխի փորձանքն է։ Երեկոյան ժամը իննին Դղակին կանչեցին և ասացին. «Քեզ ներսը արքունիք են հրավիրում ընթրիքի»։ Երբ նրան մտցրին թագավորի տան նրբանցքը — նրբանցքը երկայն էր և լույսի համար շատ երդիկներ ուներ — և նրբանցքով տանում էին, շուրջը կանգնած էին ասպարներով պատսպարված սակրավորները, երդիկներն էլ ծածկել էին։ Ապա ասպարակիրները նրան