Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աղոթքին և նրան առհասարակ բոլորը սիրում էին՝ մեծերն ու փոքրերը, պատվականներն ու հասարակ մարդիկ, ազնվականներն ու շինականները։


Գլուխ ԻԴ

ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԻ ԿՈՂՔԻՑ ՆԵՐՍԵՍ ՄԵԾ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ

ՄԱՍԻՆ, ԵՎ ԹԵ ԴԱ ԻՆՉՊԵՍ ԿԱՏԱՐՎԵՑ:

Իսկ Պապ թագավորը շարունակ թշնամի էր մեծ քահանայապետին՝ իր չար գործերի և մեղքերի հանդիմանության պատճառով, որովհետև Ներսեսը՝ աստծու մարդը, միշտ նրան հանդիմանում էր։ Նա չէր կամենում զգաստանալ, ուղղվել, չէր էլ կարող դիմանալ հանդիմանողի մշտական նախատինքներին, ուստի մտադրվեց աստծու մեծ քահանայապետ Ներսեսին սպանել։ Բայց որովհետև այս բանը հայտնապես անել անկարելի էր, ուստի կեղծավորաբար այնպես ձևացրեց, իբր թե ուղղվել է, և աղաչում էր աստծու քահանայապետին, որ իրեն աչաշխարեցնի։ Նրան հրավիրեց իր ապարանքը՝ Եկեղյաց գավառի Խախավանում. նրա համար ընթրիք պատրաստեց, աստծու մարդուն աղաչեց, որ արքունական գահույքին բազմի, իբր թե սրանով նա իր չար գործերից կմաքրվի և այնուհետև կսկսի ապաշխարել։

Երբ նրան առաջին տեղում բազմեցրեց, ինքը՝ թագավորը, վրայի պատմուճանը հանած, մեջտեղում ոտքի կանգնած, ընթրիքի ժամանակ անապակ (գինի) էր մատուցում աստծու մարդուն՝ Ներսեսին, և ըմպելիքի մեջ մահվան դեզ խառնելով՝ նրան մատուցեց։ Երբ (ս. Ներսեսը) այդ բաժակը խմեց, իսկույն հասկացավ, խոսել սկսեց ու ասաց. «Օրհնյալ է մեր տեր աստվածը, որ ինձ արժանացրեց այս բաժակը խմելու և տիրոջ համար այս մահին հասնելու, որին ցանկանում էի մանկությունից ի վեր։ Արդ՝ այս փրկության բաժակը կընդունեմ և տիրոջ անունը կկանչեմ, որպեսզի ես էլ արժանանամ հասնել և մասն ստանալ որբերի ժառանգությունից լույսի մեջ: Բայց քեզ, ո՛վ թագավոր, վայել էր իբրև թագավորի բացահայտ հրաման տայ ինձ սպանելու. ո՞վ պետք է