Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրա ձեռնասուններն էին, որոնց անուններն են Վաչակ, Արտույտ, Մարախ։ Սրանց ընկերն էր և Տրդատը, որ մեծ քահանայապետ Ներսեսի ժամանակ սարկավագապետ էր, իսկ Ներսեսի մահից հետո անցավ մտավ անապատականների կարգի մեջ, հիշյալ վարդապետների մոտ։ Սուրբ Գինդն առնում է իր ձեռնասուն մանուկ Մուշեին և հաղորդակից է դարձնում իր վարքին։ Նա ուներ նաև ուրիշ շատ հրեշտակաբարո աշակերտներ, որոնց վարքը պատմել ոչ ոք չի կարող։

Երբ սուրբ Գինդը և նրա հետ եղողները լցված էին սուրբ հոգով, նրա նման սրանք էլ կատարում էին մեծամեծ հրաշքներ և շատ սքանչելիքներ, հիվանդներ էին բժշկում Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ շատ հեռավոր աշխարհներ էին շրջում, հեթանոսների գավառներում, ու շատ շատերին դարձնում էին մոլորությունից, սովորեցնում էին նրանց (հոգևոր) կյանքի գիտությունը և ճշմարտության ճանապարհը։ Եվ սուրբ Գինդը լցնում էր բոլոր անապատները միայնակյացներով ու բոլոր շեները՝ վանքերով, և աշխարհում մարդկային կյանքի ուղիղ կարգեր էր սահմանում ըստ աստվածային կրոնի։ Նա իր համար բնակության տեղ էր ընտրել այն անապատը, որտեղից սկսվում են Եփրատ գետի ակունքները, այնտեղ նա բնակվում էր ժայռերի ճեղքերում, առաջին Մեծ Գրիգորի նախկին կացարանում, որ Ոսկիք էին կոչում. այս նույն ճեղքերում բնակվում էր Գինդը անապատականների մեջ մեծը։ Սուրբ Մուշեն շարունակ նրա մոտ էր լինում, իսկ մյուսներր շրջում էին այլ գավառներում իրենց գլխավորի Գինդի հրամանով։ Իսկ սուրբ Տրդատը բնակություն էր հաստատել Տարոն գավառում, որտեղ իր համար եղբայրանոցներ էր շինել։