Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րում հիմնում է աղքատանոցներ, ուրկանոցներ, Տկարանոցներ, որտեղ պետք է պատսպարվեին աղքատները, ուրուկները, օտարականները: Նա մտցնում է բարեկարգություն ամուսնական կարգի մեջ՝ արգելելով մերձավոր ազգականների ամուսնությունը շահադիտական նպատակով, նույնպես և մեռելների թաղման ծեսի մեջ՝ խափանելով սգի վայրենական արտահայտության ձևերը: Խեղճերին ազատում է անիրավ պահանջատերերի ձեռքից, ուր որ գնում է, ամեն տեղ հրաշքներ է գործում, բժշկություններ կատարում, բաց է անում հունարեն և ասորերեն ուսման դպրոցներ՝ հոգևորականներ պատրաստելու համար: Նա նույնիսկ մեռնում է իր հովվական պարտականությունը անթերի կատարելու պատճառով, թունավորվելով Պապ թագավորից՝ նրա պիղծ գործերը հանդիմանելու համար:

Նույն ճյուղին են պատկանում հիշողությունները Վրթանես և Հուսիկ կաթողիկոսների ու Դանիել քորեպիսկոպոսի մասին, որոնք ավելի վիպական բնույթ ունեն, քան պատմական:


ԱՐՔՈԻՆԱԿԱՆ ՏԱՆ ՎԵՊ

Արքունական տան վեպի գլխավոր անձնավորությունն է Արշակ Երկրորդը, որի կյանքին ու գործունեությանը շատ տեղ է նվիրված Փավստոսի Պատմության մեջ: Վեպի մեջ նա դուրս է բերված անորոշ, խառն բնութագրով: Նա շատ նախանձախնդիր է իր արժանապատվությանը: Երբ Վաղեսը նրա պատգամավոր Ներսես Մեծին աքսորում է, մեղադրելով, որ պատճառ դարձավ իր միակ որդու մահվան, իսկ Արշակի սիրտը շահելու համար ազատ է արձակում իր մոտ պատանդ դրված՝ Արշակի երկու եղբորորդիներին՝ Գնելին ու Տիրիթին, և անհամար գանձեր է նվեր ուղարկում Արշակին, սա արհամարհում է նվերները, պատանդներին արձակելը, նախատինքներ ու ըսպառնալիքներ է թափում նվերներն ուղարկողի ու բերողների վրա և իր նախատինքի վրեժն առնելու համար վեց ամիս ասպատակում ու ավերում է հունաց երկրները Վասակ զորավարի ձեռքով: Նա քաջ է և հայրենասեր, թույլ չի տալիս, որ Հայաստանի սահմաններից թեկուզ մի կորիի չափ գետին թշնամու ձեռքն անցնի, և այս պատճառով ամբողջ իր թագավորության ընթացքում ոգորում է պարսիկների դեմ ու միշտ հաղթական դուրս գալիս: Նա դյուրահավան է և հեշտությամբ ենթարկվում է ուրիշների ազդեցության. Տիրիթի մատնությամբ նա սպանել է տալիս իր Գնել եղբորորդուն և երբ զգում է, որ զոհ է դարձել Տիրիթի ստոր մատնությանը, զղջում է իր սխալը և սպանել է տալիս Տիրիթին: Նա Մամիկոնյան տան պարսկասեր Վարդան նահապետի թելադրանքով բարեկամանում է Պարսից Շապուհ թագավորի հետ և երդումով դաշն է կապում նրա հետ. բայց հետո Վարդանի եղբոր՝ հունասեր Վասակ զորավարի թելադրանքով դրժում է իր ուխտը և գաղտնի փախչում է Պարսկաստանից: Նա չունի ազգի և իր շահերի համապատասխան քաղաքականություն, երբ հույների և պարսիկների մեջ կռիվ է ծագում, նա սպասում է, թե նրանցից ո րը իրեն օգնության պետք է կանչի, որ գնա