էլ ոչինչ չեմ հիշում: Ճիշտ է, կարող էի ընկերներիս նման երկու-երեք ռուբլի ծախսել կառքի համար և ամեն ինչ տեսնել, սակայն շտապելու ինչ կարիք կա, դեռևս հինգ օր մնալու ենք այստեղ: Եթե ես նրանց նման սկսեմ ծախսել, ունեցածս երկու շաբաթ էլ չի բավարարի: Այդ կողմից Դուք ապահով եղեք:
Այժմ ես Ձեզ կհաղորդեմ, ինչ որ տեսա Վորոնեժում և Տուլայում: Մոսկվայի մասին կհաղորդեմ երկրորդ փոստին: Մայրիկ ջան, Ձեզ ուղարկելիք նամակը փոստը գցելուց հետո գնացի Վորոնեժի մայր եկեղեցին: Այնտեղ Միտրոֆանի (անուն է) տոնն էր և մեծ տեսարան էր: Միտրոֆանի ձեռքը համբուրեցի: Այս Միտրոֆանը սրանից երկու հարյուր տարի առաջ եղել է Վորոնեժի միտրոպոլիտը և հարյուր հիսուն տարի է, ինչ վախճանվել է, սակայն այժմ էլ նրա սուրբ մարմինը այնպես է, որ կարծես երկու օրվա ննջեցյալ լինի: Ասում են, որ բազմաթիվ կույրեր և տեսակ-տեսակ հիվանդներ է բժշկում, մեծ ուժի սուրբ է: Այնուհետև, մայրիկ ջան, այստեղ, Վորոնեժում, տեսա Պետրոս կայսեր այն կառեթը, որ նա նվիրել էր Միտրոֆանին: Մեջն էլ նստեցի, բայց երբ մտածեցի, թե ում կառեթն եմ նստել, իսկույն իջա:
Այնուհետև, Տուլան էլ մեծ քաղաք է, բայց ամենից գեղեցիկն այնտեղ հրացանների գործարանն էր, որր ամբողջովին պտտեցի: Այլ առումով Տուլան այնքան էլ գովական քաղաք չէ, որքան որ մեծ է:
Մայրիկ ջան, բարևեք պապին, տեր-Օհանեսին, Ղաղոյին, Յագորին, Միկոյին, մորաքրոջը, Սիմոնին, Թինային և բոլորին:
<Հ. Գ.>
Մեր հայ առևտրականներից այստեղ ոչ ոք չկա, բոլորը գնացել են Մակարիա: Ոչ էլ Յասեն է այստեղ: