Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչ որ տվել է, այն էլ կաշխատեն մի կողմ մղել, որ իրանց տալիք ուսումը մի մաքուր անկյուն գտնի նրա ուղեղում…

Տեր հայրն սկսեց պատմել իր տեսած ու լսած բաներից, մինչև հասան Թելեթի սարի ստորոտը։

- Դե հիմի վեր արի,- ասաց տեր հայրը,– ձին մեղք է։ Որ բարձրանանք էս սարի գլուխը, քաղաքը կերևա։

Արությունն իջավ ձիուց և մի քանի քայլ ծանր փոխելուց հետո զառիվեր թռավ արագավազ եղջերվի նման և տերտերին շատ ցած թողնելով՝ ինքը բարձրացավ սարի գլուխը, որտեղ երևեցավ նրան քաղաքը։

Թիֆլիս քաղաքը Նավթլուղից սկսած մինչև Վերա հանկարծ բացվելով Արությունի առջև, ապշեցրեց նրան։ Չտես, երևակայության աշակերտ, դյուրազգաց և դյուրագրգիռ Արությունը մնաց տեղնիտեղը մեխված, էլ չկարողացավ մի քայլ հառաջ փոխել…

- Հրաշալի՜ տեսարան,— բացականչեց վերջապես Արությունը։— Սա ինքն է «Պղնձե քաղաքը»,— ասում է Արությունը և քիչ է մնում Տալիփի նման «շաբա՜շ-շաբա՜ շ» աղաղակելով թռչել սարի գլխից և ընկնել իր ներքև ընկած խորերն ու ձորերը։— էս անպատճառ Սողոմոնի հրաշագործությունովը կլինի էսպես պայծառացած… Ա՜խ, աստված թև տար ինձ, էս րոպեիս կթռչեի ու կսկսեի սրա վրա պտույտ- պտույտ գալ։ Քաղաքացիք կզարմանային, կասեին՝ «էս ո՞վ է, երկնքից է գալիս»… Տերտերը Եղիսեի նման կաղաղակեր. «Հա՛յր, հա՛յր, կառքդ Իսրայելի և հեծյալդ դորա»… հենց կիմանար, թե Եղիայի նման երկինքն են տանում ինձ…

Մինչև Արությունն այսպես մի քանի րոպե կզվարճանար քաղաքի երևույթով, տեր հայրն էլ հասավ, իջավ ձիուցը և մտրակի կոթը դեպի քաղաքը մեկնելով, ցույց տվավ Արությունին, թե ինչ տեղ է առաջնորդարանը, ինչ տեղ է կենում գործակալը, թե այն՝ այսինչ եկեղեցին է ու այս՝ այնինչ։ Վերջապես մտան քաղաքը։ Վախենալով, որ միգուցե Արությունը մոլորվի ու կորչի կամ դրոշակի տակ ընկնի, տերտերն առաջուց զգուշացրեց նրան, որ այս ու այն կողմ չնայի։ Այսպես հասան մինչև Հավլաբար, ուր ձին մի թավլում կապելուց հետո, Արությունի ձեռով ուղարկեց գործակատարի համար բերած թխվածքն ու մեղրահացերը։ Գործակատարի տունը ցույց տալու համար՝ տեր հայրը կանգնեց