Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արությունին մի փողոցում, ձախ ձեռը դրավ նրա ուսին և աջ ձեռը մեկնելով դեպի մի կողմ, ասաց.

— Էսպես կերթաս, հետո աջու կռանդ վրա շուռ կգաս, էնտեղ մի նեղ քուչա կա, էն նեղ քոչովն էլ որ մի քիչ կերթաս, էլի մի ուրիշ քուչա կգա առաջդ, նրանով էլ մի քիչ որ կերթաս, մի տուն կտեսնես՝ մի փոքր բախչա առաջին։ Էնտեղ կհարցնես, կասես՝ տեր Փիլիպոսենց տունը ո՞րն է, կասեն՝ «այ էս է»։ Կմտնես տուն, փափախդ վեր կալնես ու էդ կտաս իրանց, կասես՝ տերտերն ուղարկեց։ Իմացա՞ր։

— Իմացա, իմացա… էսպես կերթամ, հետո աջի կռանս վերա շուռ կգամ… Կգտնեմ, կգտնեմ…

— Ես գիտեմ, որ կգտնես… էս տեղը մտքիցդ չգցես, ես էստեղ կսպասեմ քեզ։ Դե գնա՜, մի վախենար։ Տեր ուղղեսցե զգնացս քո ի ճանապարհ խաղաղության…

Դ
ՎԻՊԱԿԱՆ ԱՆՑՔԵՐ

Հավլաբարի տներից մինի մեջ թախտի վերա ծալապատիկ նստած՝ խոսում էին իրար հետ երկու մատաղահաս կանայք։ Սրանցից մեկն էր Արությունի քույրը՝ Օսանան, իսկ մյուսը Մանվելի քույրը՝ Հոռոմսիմը, որ Օսանին մոտիկ դրացի լինելով՝ եկել էր նրա մոտ գյուղից ստացած մի տխրալի լուր հաղորդելու։

Շատ անգամ աշխարհիս երեսին այնպիսի դեպքեր են կցորդվում միմյանց, որ կարծես մի աներևույթ ձեռք մի որևիցե նպատակով նրանց իրար հետ շաղկապած լինի։ Արությունն ու Մանվելը միմյանց հանդիպում են դիպվածաբար, բարեկամության ուխտ են դնում րնազդմամբ, նրանց քույրերն էլ՝ դարձյալ դիպվածաբար՝ վաղուց արդեն պատահել են միմյանց։ Երկուսն էլ հարս են քաղաքումը, երկուսն էլ դրացի, երկուսն էլ շատ սիրով կապված միմյանց։