Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վա արեգակի, նման շուտ-շուտ ամպի տակ ես մտնում, էնպես ես տխրում: Միտք եմ անում, ասում եմ, ի՞նչ պիտի լինի սրա դարդը…

— Ականջ դիր, հիմի ասեմ. «Ես դեռ օրորոցում, մեր հարևան Նարգիզը մի խաշ է քաշում իմ օրորոցի վերա, թե Օսանին իմ Ռոստոմի համար պիտի ուզեմ: Մերս էլ ասում է, շատ լավ: Չորս տարեկան դառած-չդառած՝ Նարգիզը մեկ օր եկավ, ոսկե զնջիլով մի մեծ խաչ մանեթ կախ տվավ շլինքիցս, թուշիցս էլ պաչեց, թե՝ դու իմ Ռոստոմի նշանածն ես: Ես էլ շատ ուրախացա, մտքումս ասում էի, էս ի՜նչ լավ բան է. բայց թե ի՛նչ բան է, ես ինչ կգիտենայի: Ռոստոմն էլ ճշմարիտ է, ինձանից երեք թե չորս տարով մեծ էր, բայց նա էլ ինձ նման ոչինչ չէր հասկանում. անմեղ սրտով մենք շատ սիրում էինք մեկմեկու: Օր չէր լինիլ, որ կամ ես չերևայի նրա աչքին, կամ նա՝ իմ: Էսպես մենք իրար սիրով վառված՝ հեքիաթներում ասածի նման՝ ով տարով կմեծանար, մենք օրով էինք մեծանում: Ռոստոմը դեռ տասնհինգ–տասնվեց տարեկան չկար, տեսնողն ասում էր՝ քսան տարեկան կլինի, բեղատեղերը սևացած, հասակը չինարի դառած… Օր ու գիշեր աշխատում էր, որ ոչ մեկ տղից ետ չմնա թե՛ խաղալում, թե՛ կպչելում, թե՛ որս անելում, թե՛ մարդավարութենում, թե՛ տանուտեղի հոգս քաշելում: Քանի որ փոքր էի, ես չէի փախչում նրանից, խոսում էլ էի հետը: Մեկ օր հարցրի, ասեցի՝ «Բա չե՞ս հոգնում, որ էդքան դես ու դեն ես ընկնում»… Նա թե՝ «Չէ՛, Օսան ջան, երբ որ քեզ տեսնում եմ, թե հոգնած եմ լինում, հանգստանում եմ, թե քաղցած՝ կշտանում, թե տխուր՝ ուրախանում…»:

— Օ՜… սերն ի՛նչ ասես, թե չի անիլ… Ես էլ եմ սիրել, ես գիտեմ,— ասաց Հոռոմսիմը…

— Մեկ օր,— շարունակեց Օսանան,— մեկ օր իմ մորաքրոջ տանիցը գալիս էի,— իմ մորաքույրը մի շատ պատվական կնիկ էր, գիր էլ գիտեր, նա ինձ համ գիր էր սովորեցնում, համ կար ու գործ.— հա, իմ մորաքրոջ տանիցը գալիս էի գուլպա անելով, գիրս էլ կռանս տակին, հենց որ հասա մեր տան ներքևը մի ձոր կա, էն ձորը, մեկ էլ տեսնեմ Ռոստոմը, թվանքն ուսին, եկավ առաջս: Տեղ չկար, որ թաք էի կացել, մնացի սառած, աչքերս գետնին գցած, կանգնած: Ես հիմի հասկանում էի ամեն բան, գիտեի, որ նշանածիցը պետք է փախչել, պետք է