Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ախպերք ունիս, նրանք քո նոքարը խոմ չե՞ն, որ քեզ համար վարեն, ցանեն, կալսեն, աղան, բերեն քեզ տան, որ դու ուտես քեզ համար մարդ դառնաս, հետո գաս ասես, ինչ որ հորական ապրանք ունիք, կեսն իմն է: Հրեն, ատում են, ներկարարի տղեն էլ է ուսում առել, էլ հորն ու մորը չի ճանաչում. հոր վերա բարկանում է, թե՝ «Երբ որ տեսնում ես, թե ինձ հետ աղա մարդիկ են խոսում, դու ինչի՞ ես միրուքդ տմբտմբացնելով մեջտեղ գալիս, որ տեսնեն, թե ես ում տղեն ե՞մ…»: Ասում եմ՝ ես էնպես հիմար չեմ լինի, թող ես լավ մարդ դառնամ, ես իմ հոր տղեն լինելս ինձ համար պարծանք կհամարեմ, ձեզ ամեն մեկիդ աչքիս լուսի նման կսիրեմ… Ինձ չեն հավատում, ասում են՝ «Միշտ էդպես են ասում, հետո գալիս են մեր գլխին աղա դառնում»…

Դեռ Հոռոմսիմն իր պատմությունը չէր ավարտել, հանկարծ ներս վազեց մի պատանի՝ կարմրած, քրտնած, երևում էր, որ շատ էր վազել, որովհետև չէր կարողանում շնչառությունը հանդարտեցնել:

— Ահա եկավ մեր աղան,— ասաց Հոռոմսիմը,— ասած է՝ «Անունը տուր, խալիչեն գցիր»… Ի՞նչ կա, ինչի՞ ես էդպես կարմրել, Մանվել…

— Եկել եմ «անկաջաբռնուկ»,— ասաց Մանվելը, և վրա ընկավ Օսանի ականջիցը պինդ բռնեց:— Ասա՛, անկաջաբռնուկ ի՞նչ պիտի տաս:

— Մանվել ջան, կամաց հուպ տուր, հենց ապրես, ականջս ցավում է,— ասաց Օսանան:

— Ես էդպես բաներ չգիտեմ, ասա՛…

— Եթե լավ բան կըլի, կամ ախպերս կըլի եկած, կամ մերս, ես քեզ համար մի շատ լավ ժամաշապիկ կկարեմ. խաչերով, զառերով, նախշերով… Դե ասա՛…

— Արությունը եկել է…

— Ղորթ ես ասո՞ւմ. բա դու որտե՞ղ տեսար, ինչի՞ չբերիր ինձ մոտ…

— Ա՛յ ինչպես տեսա, ականջ դրեք, պատմեմ: Ուսումնարանից դուրս եկած՝ տուն էի գալիս, մեկ էլ տեսնեմ մի տղա, խուրջինը շալակին, մնացել է Շամքոռեցոց եկեղեցու մոտ, շլինքը դես ու դեն ծռմռելով՝ կանգնած: Սիրտս ասաց՝ մեկ գնա տես էդ ով է: Վազեցի մոտը, տեսնեմ՝ մեր Արությունը…