Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հիմար տավարածն էլ, որ տեսնում է բանն ինչպես է, համ տանում է նշանը տալիս Ռոստոմին, համ ասում. «Էլ այսուհետև ապրում ես ի՞նչ անես, Ավետիքը քու խաթրու իր կնկանն էլ սպանեց, աղջկանն էլ»… Ռոստոմի խելքը գլխիցը թռչում է: Վրա է ընկնում լիքը դաբանչեն տեղիցը վեր բերում, սրտին բռնում, «Ղորթ ես ասում, ասում է, էլ այսուհետև ո՞ւմ համար պիտի ապրեմ, էս ասելն ու դաբանչի կրակ տալը մեկ է անում»…

— Վա՜յ, վա՜յ, վա՜յ… Խե՜ղճ տղա,— բացականչեց Հոռոմսիմը:– Հիմի նրա մերն ի՛նչ կաներ, մինուճար որդուց զրկված…

— Մերը գժվեց… Ինչ որ նա էր անում, աստված ոչ նշանց տա… Լավ էր որ շատ չապրեց, մի շաբաթ չքաշեց, նա էլ մեռավ:

— Խե՜ղճ կնիկ: Լավ է որ մերդ ազատվել է մահից:

— Մերս շուտ չլավացավ. դրա վերա նա մեկ տարուց ավելի պառկած մնաց. հերս բժիշկ բերել տվավ լավացրեց: Ինձ էլ հետո բերին էստեղ մարդու տվին…

— Դուք որ շատ սիրում էիք մեկմեկու, ինչո՞ւ Ռոստոմը քեզ չէր փախցնում:

— Էդ անկարելի էր, իմ հերն էն ժամանակը ինձ էլ նրա հետ կսպաներ… Հապա՜: Հիմի տասը տարի է, որ ես մեր տանը չեմ էլել, մորս երեսը չեմ տեսել, ախպեր ունիմ, որ ասում են գեղումը լավ կարդում է, չեմ տեսել. որ միտս է ընկնում մեր սարերի հով-հով տեղերը, ցուրտ–ցուրտ աղբյուրները, ալվան-ալվան ծաղիկները, հալվում, մաշվում եմ կարոտից: Էս քանի ժամանակ է, հազում եմ, սրտիցս արյուն է գալիս, ես գիտեմ, որ շատ չեմ ապրիլ:

— Դե լավ է, դարդ մի՛ անիլ: Մեր Մանվելն ասում է, Արությունը պիտի գա քաղաք, գլուխս տարել է, ասում է Օսանին հարցրու, տես ե՞րբ պիտի գա: Դե լավ է, աչքերդ սրբի… Կոպիտ են, կոպիտ մեր գեղըցիք: Մանվելը նրանց լավ է նախշում: Էսօր մեյդանումն էի, ասում է, մեր գեղիցը մարդիկ էին եկել. ասում եմ՝ «բարով եք եկել, ի՞նչ եք անում, ինչպե՞ս եք». «Փառք աստուծո, ասում են, լավ ենք, պահել է բարի աղոթքդ, դու ինչպես ես, ինչքան փող ես աշխատել»… էդ ախմախներն, ասում է, էլ չեն ասում, թե ի՞նչ ես սովորել, ասում են՝ ինչքա՞ն փող ես աշխատել: Ասում եմ՝ հորս ասացեք մի քիչ ալյուր, բան ուղարկի, էստեղ քաղաք տեղ է, ամեն բան փողով են առնում: Քեզ, ասում են,