Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- Իհարկե, գրոշ չարժե: Ամեն օր հո ջահել չի մնում մարդ, միշտ հո մի խելքի չի մնում, չէ՞ որ մարդի խելքն էլ է փոխվում, նրա վարմունքն էլ: Պսակվեց թե չէ՝ իրա ծերունի հայրը, որ մինչև էն ժամանակը ոչինչ չէր խոսում, տան մեծությունը նրան էր տվել, ինքը մի կողմ քաշվել, հիմի սկսեց քարոզ կարդալ նրա գլխին ու խրատել: —Որդի,— ասում է,— ինչ որ ես արել եմ, դու ոչ կարող ես անել, ոչ կարող ես մտքովդ անց կացնել: Չէ՛, որդի,— ասում է,— աննպատակ ղոչաղությունը մի տեսակ ավազակություն է, էդ լավ բան չէ: Հիմի կնկա տեր ես դառել, էգուց էլօր որդոց տեր կդառնաս, նրանց պահել, պահպանել է հարկավոր: Բաղդ մեծացրու, տավարդ ավելացրու, ղոնաղ սիրի, խեղճի օգնիր: Թե որ ուզում ես անուն ունենաս, հացով կաց, հացի ձենը Հնդստան կհասնի: Ժամ գնա, աղոթք արա, հաղորդվիր…

«Տեր հայր, էդ ծեր մարդը, Ավետիքի հերը՝ Վերդին,— կարելի է տեսած կլինիս, մի տարօրինակ մարդ էր: Նա տարին մեկ անգամ էր մտնում ժամ, որ հաղորդվի, մնացած ժամանակը ժամի դրսումը մի փռշնի ծառ կար, միշտ էն ծառի տակին էր կանգնում: Մեկնելու ժամանակն էլ կտակ արավ, որ իրան էն ծառի տակին թաղեն: Էնպես էլ արին: Հետո եկեղեցին վերանորոգելիս մեծացրին, նրա գերեզմանն ընկավ եկեղեցու խորանը: Էն մարդը, որ կենդանի ժամանակը եկեղեցի չէր մտնում, մեռնելուց հետո մշտապես ընկավ եկեղեցին: Նա գրագետ մարդ էր, որ մի զարմանալի բան էլ էդ էր, որովհետև հասարակ գրագետ չէր, հայոց պատմության տեղյակ մարդ էր, մինչդեռ նրա ժամանակի հոգևորականները պատմությունից ոչ մի տեղեկություն չունեին: Նա մեր վարդապետներին աչքով աչք չուներ տեսնելու: Ասում էր «մեր ազգի տունը սրանց ձեռին է, բայց չեն շինում, քանդում են»… Իրա մասին ինքը ոչինչ չէր խոսում, բայց նրա հասակակից մարդիկը շատ բան էին ասում նրա վերա, որ մի ահագին պատմություն կդառնա, եթե մարդ գրելու լինի: Հիմիկվան խաղաղ ժամանակում ապրող մարդիկս մեզ չենք կարող ներկայացնել մեր պապերի քաշածն ու արածը, մի ժամանակ, երբ մարդու գլուխն ու սոխի գլուխը մի գին է ունեցել: Սով, սրածություն, արհավիրք, մահտարաժամ, փախուստ, գաղթականություն, և այդ էլ շարունակ. մեկը պակասում է, մեկէլն է գալիս, մեկէլն անցնում է, մյուսն է վրա հասնում: Հերս պատմում էր, թե Վերդին հարյուր մարդից