Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օգնես, որ բոլոր գողերին բռնոտենք։ Վար ու ցանքի ժամանակ է, խալխն իրանց բանը վերջացրել են, մենք դեռ մի հատ ցորեն չենք գցել հողը։ Մեկ էլ տեսանք, հրես մողրովը եկավ մի հարյուր ձիավորով։ Եկան մեր դռանը վեր եկան։ Երբ որ գնալու էին, հերս ասեց.— Աղա, խնդրեմ ինձ մուրախաս անես, ես մենակ մարդ եմ, տանս ուրիշ աշխատող չունիմ, հիմի էլ ուրիշներին տար, թե որ բեգառ է, պետք է ամենքն էլ քաշեն։ Նա թե՝ չի կարելի, պետք է գաս։ Չեմ գալ, պիտի գաս, մի քիչ ընդդիմացավ հերս։ Մողրովը չիբխի գլուխը հանեց ու նրա կոթովը մին թե երկու, հորս գլխին ու երեսին… էնքան խփեց, որ արնակոլոլ արավ։ Էնպես բարկությունս եկա՜վ. մի մեծ քար վեր կալա, որ տանեմ մողրովի գլխին գցեմ, մեր մարդիկը խլեցին ձեռիցս, թե՝ էդ ի՞նչ ես անում, գիժ, ուզում ես, որ մեր սաղ գեղը կրակ տան, էրե՜ն… Հապա՜։ Էնպես բաներ եմ տեսել, որ սիրտս արնով լցվել է, աչքերս պեծին-պեծին արել, հիմի էլ ամեն միտս գալով՝ ջանս սռսռում է, մազերս փշաքաղում։ Ես միշտ աստծուն աղաչանք եմ անում, որ hոգիս չառնի, ինձ լեզու տա, շնորհք տա, որ ես դրանց բոլորի ջիգրը հանեմ, սիրտս հովացնեմ… Ես որ չինովնիկ դառնամ, որ էլ ոչով իրավունք չունենա ինձ վրա ձեռք վեր բերել, այնուհետև ես գիտեմ, թե ինչեր կանեմ…

— Չէ՛, ես քեզ էլ չեմ տալ տերտերին, որ տանի, ես նրան պատասխան կտամ։ Մանվելի հետ միասին կերթաք Վանքի ուսումնարանը, կամ թե չէ՝ գիմնազիա, որտեղ որ ձեզ հարմար կլինի, էնտեղ կերթաք։

— Շատ լավ, էդպես արա։ Ես էլ մի գիր կգրեմ, որ մեր տանիցը ալյուր, բան ուղարկեն։ Դու ինձ մի թուղթ ու թանաքաման տուր…

Արությունը դեռ չէր ավարտել իր նամակը, որ տեր Պետրոսը ներս մտավ։

— Արություն, որդի, մենք ուշանում ենք. էստեղ քաղաք տեղ է, գարին, դարմանը թանկ է,— ասաց տեր հայրը, նստելով աթոռի վերա, որ Օսանան առաջ քաշեց։

— Տեր հայր, խնդրեմ Արությունին թողնեք մնա այստեղ,- ասաց Օսանան։

— Ես հենց երազումս տեսա, որ դու Արությունին պիտի ձե