Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԵՐԿՐՈՐԴ ԳԻՐՔ

Ա

ՄՏԱՎՈՐ ՀԵՂԱՇՐՋՈԻՄՆ

Արությունն ու Մանվելը մտան ներսիսյան դպրոց, իբրև երթեվեկ աշակերտներ։

Ներսես կաթողիկոսի միակ ցանկությունն էր, որ իր ուսումնարանը փայլի, և նա փայլում էր մերթ պոչավոր աստղի լոյսով և մերթ… լուսատտիկի։ Երբ փայլում էր պոչավոր աստղը, աներևույթ անձինք երևելի ձեռքերով կտրում էին նրա պոչը, և այնուհետև փայլում էր լուսատտիկը։

Արությունն ու Մանվելը երբ որ մտան դպրոց, այն ժամանակ փայլում էր պոչավոր աստղը, և արդեն մեծ պատրաստության վրա էին, որ կտրեն նրա պոչը։ Այղ աստղն էր Պ. Շանշյանցը, որ տեսուչ լինելով, միևնույն ժամանակ և մի օրինակելի դաստիարակ, ամենայն ճիգ թափում էր ուսումնարանի փայլն ավելացնելու, բայց չէր կարողանում։ Այդ բանին արգելք էր լինում մի եպիսկոպոս, որ մեծ ազդեցություն ուներ կաթողիկոսի վրա։

Ներսես կաթողիկոսին իր այդ ծերության ժամանակ խաբում էին անխիղճ կերպով, և այնքան ավելի էին խաբում, որքան նա շատ էր հավատում, որ ոչ ոք չի համարձակիլ իրան խաբելու։ Նրան խաբում էին իր նշանակած աշխարհական գործակալ գանձապետները, որոնք անգթաբար կեղեքում էին ժողովրդին, նրան խաբում էին իր ուսումնարանի հոգաբարձուները…

Ուսման առարկաներն էին այդ ժամանակ հայոց լեզու, ընդարձակ, և կրոն իր բոլոր մասներով, ռուսաց լեզու, մասամբ կամավոր, և մի կտոր թվաբանություն, և այն էլ ավանդվում էր չինական մեթոդով։ Դպրոցի բոլոր ջանքը երկու առարկայի վրա էր դարձրած՝ կրոնի ու լեզվի, և այդ վատ չէր այն ժամանակվա