Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այսպես, մի տեղ զանազան խաղեր էին խաղում, մյուս տեղ՝ շատ ժամանակ իրար չտեսած ծանոթ, բարեկամներ էին հանդիպում միմյանց և մեկմեկու հրավիրում միմյանց սեղանի վրա։ Հարս ու աղջիկ գեղեցիկ զարդարված, բոլորեքյանք ուրախ, բոլորեքյանք զվարթ, մի խոսքով՝ ամեն ինչ հրաշալի էր, միայն Արությունն էր տխուր։ Նա կարծես մտքումը գրել էր, որ այդ հանդեսի լավ կողմերը չնկատե. նա չէր հասկանում, թե որքան գեղեցիկ մի առիթ է դա, որ տարին գոնե մեկ անգամ ամեն կողմից մարդիկ մի տեղ են հավաքվում, իրար տեսնում, կարոտներն առնում․ քաղաք չտեսածները քաղաքացոց նիստ ու կացն են տեսնում, քաղաքացիք՝ գյուղացոց, թող այն զվարճությունները, խաղերը, որոնք ամեն անգամ ոչ տեսնվում և ոչ վայելվում են։ Նա գիտեր, որ այդ ուխտատեղի բոլոր արդյունքը հատկացրած է Ներսիսյան դպրոցին, բայց որովհետև դպրոցը այդ տեղերից մոտիկ ոչ մի գյուղից մի որդեգիր չէր պահած և չէր պահում, դրա վրա բարկացած՝ ասում էր. Ժողովրդի մի աչքը կուրացնում են, որ մյուսը լուսավոր պահեն»…

Կեսօրից հետո ամեն խաղ պառավեցավ, և սայլերն ու փուրգոններն սկսեցին իրար հետևից գռգռալ, որից հետո բոլոր տեսարանի վրա իջավ մի դատարկ վարագույր։

ՄԱՅՐԱԿԱՆ ՍԵՐ

ԵՎ

ՄԱՅՐԵՆԻ ԼԵՋՈԻ

Արությունը, որ կորած հորթի պես արդեն իր մորը գտել էր խաչը տակին, նրա հետ նստեց իրանց սայլումը և ճանապարհ ընկան դեպի Խաչեն։ Մայրն անդադար համբուրում էր որդուն և ամեն անգամ կրկնում. — Ես քը մատա’ղ ընիմ, ա՛ Թյուն ջա՜ն… Իսկ Արությանն ընդդիմանում էր, ասելով՝ - Դե լա’վ ա, լա’վ, խրեգ պաչի, ես գյուղում ըմ վար տեու ինձ շատ ըս սիրում։