Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դռնեդուռ ման են գալիս, ժողովրդին սուտ-սուտ բաներ հավատացնում. հետո որ ուղիղ մի բան ես ասում, էլ չեն հավատում, ասում են՝ գիժ ես։ Դե որ գիժ եմ, գիժ եմ, ես էլ գժություն կանեմ»…

Այսպես մտածելուց հետո Արությունը ճանապարհ ընկավ դեպի Հայդարբեգ գյուղը: Արժանի է նկարագրության նրա այդ ժամանակվա հագուստը։ Նա ուներ վայրի վարազի հաստ կաշվից տրեխներ, արխալուղի փեշերքը հավաքած էր բրդե շալվարի մեջը, օսի չուխա ուներ հագին՝ փեշերքը վեր կապած, մի մեծ՝ թարաքյամի փափախ ուներ դշխին՝ ճակատի կողմը ներս ծալած։ Վայրի այծի կաշվից մի պարկ ուներ շալակին՝ մեջը մի կտոր սև հաց և մի կտոր էլ թել պանիր։ Ատրճանակը մեջքի կողմից գոտիկը խրած, խանչալը ձախ կողմից կախած, հրացանն ուսը գցած և մի հաստագլուխ թավարազին անունով մահակ ձեռքն առած։ Արությունի այսպիսի տեսքը՝ նրա երկար հասակի, վառվռուն և խոշոր աչքերի, արհամարհող հայացքի և հանդուգն բնավորության հետ միասին՝ շատերին կասկածանքի տեղիք էին տալիս, թե նա գուցե մի փախստական ավազակ է։ Այդ կասկածն ավելանում էր, երբ Արությունին հարց ու փորձ անելիս, նա սուտ չէր ուզում հնարել, ուղիղն էլ չէր հայտնում, թե՝ ով է կամ ով չէ։ Արությունն այդ չէր նկատում և ոչ մտքովն անց կացնում, թե կարող են այդ տեսակ կարծիք ունենալ իր վրա, եթե ոչ՝ նա կարող էր նրանց կասկածը փարատել։ Նա ավազակության ոչ հակում ուներ և ոչ ընդունակություն. ավելի շուտ քաղցած կմեռներ կամ ինքնասպանություն կգործեր, քան թե գողություն կաներ, որովհետև նա իր մանկության օրից մինչև այն օրը մի ամենաչնչին բան գողանալու կամ թաքուն վերցնելու միտք անգամ հղացած չէր: Նրանից կասկածում էին ավելի շիրակեցիք, որոնք մեղք էին համարում զենք կրելը, մանավանդ նրան բանեցնելը, և սրա համար էլ շատ հաճախ երկու երիտասարդ նրանցից մինչև հիսուն հոգու իրանց թրերի առաջն էին անում, ահագին կարավանի բոլոր եզները քշում անց կացնում Արփաչայը և անհետացնում։

— Հա՜խն է,— ասում էր Արությունը,— ինչո՞ւ ձեզ էլ չէին կոտորում այդ անպիտանները…

— Ջանըմ, ի՞նչ կըսե,— բացականչում էին շիրակցիք:

— Չոռ ու ցավ կըսեմ… անամոթ հիմարներ, ի՞նչ երեսով եք երևում դուք ձեր օղլուշաղին, ինշո՞ւ գետինը չեք մանում: Մեր գե