Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Վաղինա՜կ...


— Հրամայի՛ր, իշխան...


— Վաղինա՛կ, դու ինձ չե՜ս սիրում...


֊ Իշխա՛ն, ես հասկանում եմ քո միտքը։ Ես տեսա, որ այդ առասպելական Անահիտի թերթևունքները նետերի պես ցցվեցան սրտիդ մեջ, բայց ցավում եմ, որ այդ վերքը քո մեջ պիտի անբռշկելի դառնա...


Վաչագանն այլևս չխոսեց և ընկավ մի խոր մտածության, մի երևակայական աշխարհի մեջ։ Լռեց և Վաղինակը։ Միայն Զանգին սովորականից դուրս ավելի ուրախ էր թռչկոտում ու խաղում, կարծես մի նոր որսի հոտ լիներ առած։


                       Դ

Նախընթաց դեպքից մի քանի օր անցած թագավորն ու Վաղինակը երկար խոսակցություն ունեին։ Խոսակցության առարկան Վաչագանն էր։


— Վադինակ,— ասաց թագավորը,— դու մի փոքր երեխա ես եղել, որ մեր տունն ես եկել, ես քեզ հարազատ որդու պես եմ պահել։ Այսօր դու ինքդ որդու տեր ես և կարող ես զգալ, թե ի՞նչ է որդեսիրությունը։ Մեր Վաչագանը քեզ եղբորից չի զանազանում և միայն քեզ է հայտնում իր սրտի գաղտնիքը։ Դու պետք է իմանաս նրա միտքը և հայտնես մեզ, որ մենք մեր ձեռքից եկած հնարը գործ դնենք։


Վաղինակը պատասխանեց.


— Հա՛յր թագավոր, Վաչագանն այնքան գաղտնապահ է, որ ինձ էլ չի բաց անում իր սիրտը. միայն այս վերջին օրերս ես նրա մեջ մեծ փոփոխություն եմ նշմարում։ Ես կարծում եմ, որ նա սիրահարված է Անահիտ անունով մի աղջկա վրա։


— Ո՞վ է այդ Անահիտը։


— Դա Հացիկ գյուղի նախրչու աղջիկն է։


— Նախրչո՜ւ...


— Այո՛:


Այդ նախրչու Անահիտը մի աստվածուհի պետք է լինի

ուրեմն, որ կարողացել է Վաչագանին այդպես կախարդել և կակղացնել նրա քարացած սիրտը։