Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Հայր թագավոր, ես միշա փտնում եմ այդ աղջկանը, ծիծաղում եմ Վաչագանի վրա, բայց զուր է անցնում իմ աշխատությունը, և կարծում եմ, որ պիտի զուր էլ անցնի, ըստ որում այդ աղջիկը ճշմարիտ որ մի աստվածուհի է. նրա գեղեցկությունը մի հիացք է, իսկ խելքի մասին հրաշքներ են պատմում։ Ասում են՝ գյուղի ծերերը նրա խորհրդին են դիմում ամեն դժվար հանգամանքներում։ Ոչ մի երիտասարդ նրա քաջությունը չունի, ոչ մի օրիորդ նրա ձեռքի ճարտարությանը։ Նրան անվանում են «Անտառների թագուհի», ըստ որում իր հոր նախրից երբ որ մի ապրանք է կորչում կամ գողացվում, նա իսկույն՝ մի կրակոտ ձի հեծած՝ սար ու ձոր է ընկնում, և որտեղից լինի՝ գտնում բերում է։ Այս տեղեկությունները ես հավաքել եմ Վաչագանից ծածուկ և ոչինչ չեմ հայտնել, որ ավելի ևս չտաքանա, բայց ինչպես ես տեսնում եմ, նա առանց այս էլ նրանից ձեռք վերցնողը չէ։ Ես հույս ունիմ, որ ինքը եթե ձեզ չհայտնե, մայր թագուհուց չի թաքցնիլ։

— Եթե այդպես է, ես կհայտնեմ մորը։ Շնորհակալ եմ, որ ինձ նախապատրաստեցիր քո տված տեղեկություններով։

Վաղինակը ճշմարիտ որ լավ նախապատրաստեց թագավորին։ նա Անահիտի գովասանքը՝ իր կարծիքով՝ չափազանցության հասցրեց ավելի այն մտքով, թե՝ բան է, եթե որդու կողմից զիջում չլինի, գոնե ծնողաց կողմից լինի, ոչ Վաչագանի մուրազն անկատար չմնա։ Ահա այս խոսակցությունից հետո էր, որ մայրն իմացավ որդու տխրության գաղտնիքը։

Ե

Թագուհին երբ որ իմացավ Վաչագանի վճռական խոսքը, թե նա միայն Անահիտին կուզի և ուրիշ ոչ ոքի, հայտնեց թագավորին, որ իրանց որդին Հացիկ գյուղի նախրչու աղջկանն է հավանել, և պատմեց բոլորը, ինչ որ ինքը լսել էր։ Այս լուրը շուտով տարածվեց ամբողջ պալատի մեջ։ Բոլոր ծառաներն ու նաժիշտներն իմացան։ Մյուս օրը ամբողջ քաղաքը դղրդում էր այդ նոր համբավով։ Գյուղացիք ուրախացան, որ թագուհին իրանքից կլինի և նրա օրով իրանք շատ բախտավոր կլինին։ Մեծ-մեծ իշխանները տխրեցան, թե ինչո՞ւ թագավորի որդին ռամիկ նախրչուն իրանքից բարձր