Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Սա մեր մեծ քրմապետն է, մի՞թե չես ճանաչում։ Տես որքա՜ն սուրբ է, որ ոտը գետնին չի դնում, որ չլինի թե մի որևիցե միջատ ընկնի ոտքի տակը և սպանվեի։

Հրապարակի ծայրումը մի կապերտ փռեցին, և քրմապետը չոքեց նրա վրա, որ հանգստանա։ Վաչագանը գնաց նրա դիմացը կանգնեց, որ տեսնի ի՞նչ է խոսում այդ մարդը կամ ի՞նչ է անում։ Քրմապետը շատ սրատես էր. նա էլ Վաչագանի վրա նայեց և նկատելով նրա օտարական լինելը և աոաջին անգամ իրան տեսնիլը, ձեrով արավ, որ գնա մոտը։ Վաչագանը մոտեցավ։

— Դու ո՞վ ես, ինչ գործի ես,— հարցրեց քրմապետը։

— Ես մի օտար բանվոր եմ,— պատասխանեց Վաչագանը,— եկել եմ այս քաղաքը մշակության։

— Շատ լավ, կգա՞ս ինձ հետ, ես քեզ գործ կտամ և լավ կվարձատրեմ։ Վաչագանը գլուխ տալով՝ հոժարություն ցույց տվավ և գնաց կանգնեց նրա հետ եղած մարդկանց մոտ։

Քրմապետն իր մոտ եղած քուրմերին մի քանի խոսք փսփսաց և նրանք ցրվեցան այս ու այն կողմ, և մի քանի րոպեից վերադարձան այլևայլ պաշարներով՝ մշակների շալակը տված։

Երբ որ բոլոր քուրմերը եկան, քրմապետը վեր կացավ և միևնույն հանդիսով ճանապարհ ընկավ դեպի իր բնակարանը։ Վաչագանն էլ լուռ ու մունջ հետևեց նրան ավելի հետաքրքրությունից շարժված, որ տեսնի ինչո՞վ են զբաղված այդ քուրմերը կամ ի՞նչ մարդ է քրմապետը, ի՞նչ բարեգործություններ ունի, որ այդպես սուրբի պես պաշտվում է։ Այսպես գնացին մինչև քաղաքի ծայրը։

Այդտեղ քրմապետը՝ օրհնելով ճանապարհ ձգող ջերմեռանդ կռապաշտներին՝ ետ դարձրեց, մնացին միայն իր քուրմերը և բեռնակիր մշակներն ու Վաչագանը։ Դրանք շարունակեցին իրանց ճանապարհը և հեռանալով քաղաքից մոտ երկու վերստ, հասան մի պարսպապատ շենքի և կանգ առան նրա երկաթի դռան մոտ։ Քրմապետն իր գրպանից հանեց մի ահագին բանալի, բաց արավ դուռը և ամենին ներս անելով կրկին կողպեց։ Այստեղ Վաչագանը մի անսովոր սարսուռ զգաց, տեսնելով, որ այստեղից իր կամքով դուրս գնալու հնար չի ունենալու։ Վաչագանի հետ եղած մշակներն էլ աոաջին անգամն էին մտնում այս շենքի մեջ։ Նրանք ամենքն էլ իրար երեսի նայելով՝ սկսեցին փսփսալ, թե ուր բերին մեզ այս մարդիկը։ Վերջապես պարսպի կամարակապ ճանապարհն անցնե