Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այդ պատճառով ասվում էր հայրապետ, այսինքն հայրերի գլուխ, կամ նահապետ, որ միևնույն նշանակությունն ունի։


Գերդաստանի բոլոր անդամները մի հարկի, մի ծածկարանի տակ չէին մնում, այլ ջոկ-ջոկ հարկերի ու ծածկոցների: Ամեն անգամ, երբ որ մեկին պսակում էին, նրա համար առաջուց մի վրան էին գործում բրդե կամ մազե թելից։ Այսպիսով տարեցտարի շատանում էր վրանների թիվը: Վրանները այն հարմարությունն ունեին, որ շարժական էին, և ուր ուզում էին, տանում էին, ամառն ավելի բարձր ու լեռնային տեղեր, ձմեռը՝ ցածր ու դաշտային:Քարաշեն տներ էլ ունեին, բայց հասարակ։ Դրանք մի տեսակ ձմեռանոցներ էին, ավելի անասունների համար, քան թե մարդկանց։ Միայն մեծ նահապետն էր ունենում լավ քարաշեն տուն ։


Մեծ նահապետը որ վախճանվում էր, նրա մեծ որդիքը հեռանում էին միմյանցից, և դառնում էին ջոկ-ջոկ նահապետներ։ Նրանք երկիրն էլ էին բաժանում իրանց մեջ և ամեն մեկը մի ջոկ գավառում էր բնակում։


Իմ ասած ժամանակը նահապետներ շատ կային, բայց ամբողջ Արարատյան դաշտը, Երասխի ափերը, Արագածի արևմտյան և Մասիսի հյուսիսային երեսները, Գեղամա ծովի արևմտյան ափերը, Գառնու և Հրազդան գետերի հովիտները իրանց շրջակա լեռներով մի նահապետի ձեռքի էին, և այդ նահապետն էր մեր Արեվամանուկի հայրը։


Արևամանուկի հոր անունն էր Արևամանյակ, բայց նրա որդիքն ու թոռները դժվարանում էին ասել «Հայր Արևամանյակ», որովհետև շատ երկար էր, այդ պատճառով ասում էին «Հայր— Մանյակ» կամ «Հայրմա». իսկ նրա մոր անունն էր «Արևամատ», բայց նրան էլ փոխանակ ասելու «Մայր Արևամատ» ասում էին «Մայր-մա» կամ «Մամար»։ Նույնիսկ Արևամանուկին չէին ասում «Արևամանուկ», այլ «Արմիկ» կամ «Արամիկ»։


Բայց թե ինչո՞ւ ամենի անունի մեջ էլ «արև» կա, այդ ես չգիտեմ, միայն շատերն ասում են՝ այդ նրանից է, որ մենք՝ հայերս, մի ժամանակ արևապաշտ ենք եղել, մեր նահապետն էլ համարվում է եղել Արևի փոխանորդ, նրա ազգական, ցեղ, ծնունդ, ահա այդ պատճառով նրանց մեծ մասի անունն էլ արևով էր սկսվում։


Բայց այս տեսակ մութ բաները մենք հետո կիմանանք, հիմա մենք դառնանք մեր Արևամանուկին։