Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ահա այսպես մեր սիրելի Արևամանուկը Արևամանյակ նահապետի որդին էր։


Դեռ յոթը տարեկան հասակում նրա թիկունքն ու կուրծքը այնքան լայն էին ու մեջքն այնքան բարակ, որից երևում էր, որ նա մի փոքր առյուծ էր, որի պեսին մեր հեքիաթներումը ասում են ասլան-բալասի, այսինքն «առյուծի ձագ», կորյուն առյուծի։ Նրա աչքերը խոշոր-խոշոր և կրակոտ էին, երկայն թերթևոլնքները մինչև վարի կոպերն էին հասնում, գլխի մազերը խիտ ու երկայն։


Հին ժամանակները մազ ածիլելու սովորություն չունեին, բայց խուզում էին ուսերի հավասարությամբ, սանրում էին դեպի ետ ու կապում վարսակալով, այսինքն մի մազակապ ժապավենով։ Արևամանուկի մազերի գույնը հրաշեկ էր, այսինքն կրակի գույն ուներ և փայլում էր ջուհարի նման։ Նա համարվում էր «հրահեր», այսինքն կրակե մազեր ունեցող։ Այդ տեսակ մազեր ունեցողին մեր հեքիաթներումը ասում են ոսկեքաքուլ, ոսկեքոչոր։


Արևամանոլւի մազերը չէին խուզում։ Այդ տեսակ մազեր ում վրա էլ լինում էր, չէին կտրում։ Նա իր մազերը երկու հյուս էր անում և աջ բաժինը դեպի ձախ, ձախինը դեպի աջ տանում, բկովը երկու անգամ պատ տալիս, վզին կապում ու ծայրերը կախ գցում մեջքին։ Նրա համար էր այսպես անում, որ խաղալիս ու վազվըելիս մազերն իրան չխանգարեն։


Երբ որ Արևամանուկը ծնվում է, նրանից հետո նրա մայրը երկար ժամանակ երեխա չի բերում, այդ պատճառով նրան յոթը տարի շարունակ ծիծ է տալիս և ծծից չի կտրում։ Ամբողջ օրը խաղում էր Արևամանուկը, բայց հենց որ ճաշելու ժամանակը գալիս էր, նա առաջ մի նախաճաշիկ էր անում մոր ծծովը ու հետո ճաշն ուտում, մեկ էլ ճաշելուց հետո էր վրա ընկնում մոր ծծին ու բերանը քաղցրացնում, գիշերն էլ մոր ծոցումն էր քնում և ամեն զարթնելիս՝ ծիծը բերանն էր առնում։


— Բավական է, որդի, էլ ի՞նչ կա, որ ի՞նչ ծծես, ծծերս ցամաքել են, — ասում էր շատ անգամ մայրը, բայց էլի ծիծը դնում էր բերանը և գլուխը շփելով՝ քնացնում։


Արևամանուկը սիրում էր և կովի ծիծը ծծել։ Շատ անգամ, երթ որ հարսները կովերը կթելիս էին լինում, նա անցնում էր մյուս կողմը և կովի ծծերից մեկը բերանն առնում, ծծում։ Հարսները քթին խփում էին, որ ետ քաշվի, բայց նա էլ ջգրու արձա