Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նում, և ավելի են բարկանում ու ավելի ծեծում,— այս ասաց Քաջիկը և սկսեց լաց լինիլ։

Հայրը խելոք մարդ էր. գիտեր, որ Քաջիկի ասածն ուղիղ է, բայց ինչ աներ խեղճը, կոպիտ վարպետներին բարեկրթել չէր կարող, մնացել էր տարակուսած և չգիտեր ուր տաներ յուր որդին։ Վերջը մտածեց, որ տանն ուրիշ քաղաք, գուցե կարողանա յուր որդու բնությանը հարմար մի վարպետ գտնել։ Այսպես մտածելուց հետո հայր ու որդի վճռեցին, պատրաստություն տեսան և ճանապարհ ընկան դեպի մի ուրիշ քաղաք։ Շատ գնացին թե քիչ աստված գիտե, մինչև հասան մի աղբյուրի, նստեցան աղբյուրի մոտ, որ ճաշեն, հանգստանան և հետո շարունակեն իրանց ճամփան։ Մի փոքր որ հանգստացան, հայրը բերանքսիվայր ընկավ աղբյուրի վրա, մի կուշտ խմեց և ասաց․― Ուխա՜յ… Այս խոսքերի վրա հանկարծ մի մարդ դուրս եկավ աղբյուրից՝ երկար հասակով ու մորուքով և ասաց.

— Ե՛ս եմ Ուխայը. ի՞նչ եք ուզում ինձանից։

Այս որ տեսան, հայր ու որդի մնացին իրար երեսի մտիկ տալիս, զարմացան, ապշեցան և չիմացան ինչ պատասխան տան։ Վերջը հայրն ասաց.

— Ուխա՛յ ապեր, մենք քեզ չկանչեցինք և ոչինչ չենք ուզում քեզանից։ Մենք ճանապարհորդ ենք. սա իմ որդին է, տանում եմ մի վարպետի տամ, որ մի արհեստ սովորի։ Ուխայն ասաց.

— Տուր ինձ, ես դրան լավ արհեստ կսովորեցնեմ և լավ կպահեմ։ Ես դիտեմ դրա բնությունը, դա ամեն մարդու մոտ չի կենալ, ամեն արհեստ չի սովորիլ, բայց ինձ մոտ կմնա։

Հայրը չիմացավ ինչ պատասխան տար խորհրդավոր Ուխային, որովհետև կարծում էր, թե գուցե նա մարդ չէ, այլ սատանա է կամ հրեշտակ, բայց Քաջիկն ասաց.

— Հայր, ես կերթամ նրա մոտ, երևում է, որ սա մի հնարագետ մարդ պիտի լինի, ես սրա արհեստը կսովորեմ։ Հայրն ասաց.

— Թող քո կամքը լինի։ Եվ որդին տվավ Ուխայ ապորը։ Ուխայ ապերը մի քսակ ոսկի տվավ հորը և ասաց.

— Մի տարուց հետո կգաս էլի այս աղբյուրի մոտ, կխմես և կասես՝ ուխա՜յ, ես էլի դուրս կգամ և քո որդին քեզ կհանձնեմ։ Այս ասելուց հետո Թաջիկի ձեռքից բռնեց և անհայտացավ աղբյուրի մեջ: