Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/514

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սովդաքարը կարծում էր, որ երեխայի սիրտն ու թոքը կվերադարձնեն իր բախտը։

2

Եղանակը ամառային էր, և տարին երաշտ։ Բայց ջրարբի և դալարագեղ հովիտը մի լեռնային տեղ էր և շատ գեղեցիկ ամառանոց խաշնարած ժողովրդի համար։

Սովդաքարի ծառան երբ որ երեխային բոլորովին հեռացրեց, քարավանից և անցավ մի բլրակի քամակ, այստեղ տեսավ հոտերով ոչխարներ և սկսեց մտածել ինքն իրան…

— Ո՛չ, անիրա՛վ աղաս, ես քո անգութ հաճույքը կատարել չեմ կարող։

Այսպես մտածեց ծառան, և երեխային մի թփի տակ դնելով՝ նրա պահպանությունը հանձնեց Վերին Նախախնամության։

Ոչխարի հոտը հեռու չէր։ Ծառան դիմեց հովիվներին, գնեց մի փոքրիկ ուլ, մորթեց և սիրտն ու թոքը հանելով տարավ իր աղային։ Սովդաքարը խորովեց, կերավ և միամտվելով՝ շարունակեց ճանապարհը։

3

Ոչխարի հոտը կամաց-կամաց սփռվելով հովտի մեջ, հասավ այն թփին, ուր դրված էր երեխան։ Մի կթի այծի ծծեր այնքան լցվել էին, որ քիչ էր մնում տրաքվեին. մի ծծկեր կենդանի էր փնտրում, որ թեթևացնել տար իր ծանրությունը։ Նա որ տեսավ երեխային թփի տակ ուլի պես հեկեկալիս, իսկույն մոտեցավ և ծիծը դրավ բերանին։ Քաջառողջ և ուժեղ մանուկը սկսեց ծծել այնքան, որ բոլորովին դատարկեց այծի ծծերը։ Թե այծը և թե մանուկը հավասարապես գոհ մնացին այս անակնկալ դեպքից։ Այս բանը սովորություն դարձավ այծի համար, ամենայն օր միևնույն ժամին, ուր էլ որ լիներ հոտը, նա ջոկվում էր և վազում դեպի մանուկը, որ ծիծ տա նրան։