Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/577

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծաղրում էին։ Հո՜, հո՜, հո՜․․․ հո՜ւ, հո՜ւ, հո՜ւ․․․ Փաղաքշում էլ էին, ասելով.— Ի՞նչ սիրուն երիտասարդ ես, ե՜կ մեզ մոտ, ե՜կ մեզ մոտ…

Բայց Ֆարիդը՝ ուշ չդարձնելով այդ ձայների վրա, շարունակում էր վեր բարձրանալ։ Իսկ ձայներն ավելանում էին և զարհուրելի դառնում։ Երբեմն գոչողների շունչը դիպչում էր նրա երեսին, և այնքան սոսկալի կերպով էին որոտում աջից ու ձախից, առջևից ու քամակից, այնքան սպառնալից ու համառ էր նրանց գոչը, որ Ֆարիդը դողում էր ակամա, մոռանալով ծերունու խրատը, նա մի զորեղ և հանկարծական գոռոցի ազդեցությամբ ետ շրջվեց։ Այդ իսկ վայրկյանին մի սոսկալի ոռնոց բարձրացավ հազարավոր ձայներից, իսկ դրանից հետո տիրեց խորին լռություն։ Արքայազն Ֆարիդը դարձավ մի սև բազալտի ժայռ։ Լեռան ստորոտում ձին էլ դարձավ մի անձև քարաժայռ։ Իսկ գրանիտե կարմիր գնդակը ետ դարձավ գլորվելով ծերունու մոտ։

Ֆարիդի հետ պատահած այս աղետի օրը Ֆարիզադան ըստ սովորության հանեց եղբոր դանակը պատյանից, որ միշտ կախած ուներ գոտիկից և նայելով վրան՝ երեսի գույնը նետեց, տեսնելով, որ դեռ երեկ այնքան փայլուն սայրը գունատվել ու ժանգոտվել է։ Եվ սկսեց ողբալով գոչել.

— Ա՜խ, իմ սիրելի եղբայր, հիմա որտե՛ղ ես, արդյոք ի՞նչ պատահեց քեզ։ Վա՛յ ինձ, ինչո՞ւ թույլ տվի ես քեզ։ Ավա՜ղ, ինչքան թշվառ եմ ես և որքան ատելի այսուհետև իմ աչքում։

Քրոջ լաց ու կոծին վրա հասավ երկրորդ եղբայրը՝ Ֆարուզը և սկսեց մխիթարել և հուսադրել։ Վերջումն ասաց․

— Քույրի՛կ, ճակատագրից կարելի չէ փախչել, ինչ պատահել է, պետք է պատահեր, որտեղ և լիներ նա։ Բայց հիմա ես պիտի գնամ և հասնեմ եղբորս օգնության, միևնույն ժամանակ կաշխատեմ բերել քո ուզած առարկաները։

Ֆարիզադան աղաչելով ասաց.

— Ո՛չ, ո՛չ, մի՛ գնար, եթե նրա համար ես գնում, որ իմ անարգ հոգու ցանկացածը բերես։ Ես չեմ ուզում ոչինչ։ Սիրելի եղբայր, եթե քեզ հետ էլ պատահի մի փորձանք, ես կսկծից կմեռնեմ։ Բայց քրոջ լացն ու աղաչանքը ետ չկասեցրին եղբորը։ Նա հեծավ ձին, մնաս բարով ասելով քրոջը և տվավ նրան մի մարդգարտյա մանյակ։ Այդ մարգարիտները Ֆարիզադի մանկության երկրորդ լացից գոյացած մարգարիտներն էին։ Մանյակը տայով քրոջն ասաց.