Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/591

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարզանքների, որոնցից վախկոտները միշտ հեռու են մնում և այդ պատճառով էլ միշտ թույլ մնում։ Նա մագլցում էր բարձր մասերի վրա ու ճյուղից ճյուղ ոստոստում, ինչպես մի առնետ։ Ինչքան էլ ճարպիկ լինի մարդ, այդպես անել չի կարող, եթե վախկոտ է, որովհետև երկյուղի զգացմունքը տիրում Է նրա ամբողջ մարմնին, նրա ոտ ու ձեռքը դողդողում են, աչքերը մթնում, և մեր վախկոտ ճարպիկը թրմփում է ծառի գագաթից։


Երբ գետնի վրա մի երկայն գերան կա ընկած կամ մի նեղ տախտակ, մենք վազում ենք նրա վրայով ծայրեծայր, բայց եթե ընկած է մի մեծ գետի վրա իբրև մի կամարը, այն ժամանակ էլ չենք կարողանում անցնել նրա վրայով, մեր ծնկները դողում են: Ինչո՞ւ, մի՞թե էլի նույն տախտակը չէ, որի վրայով միշտ վազում էինք։ Տախտակն էլի այն տախտակն է, բայց մենք այլևս այն չենք լինում, երկյուղը մեզ փոխած է լինում։


Խիզախը նկատում էր, որ վախկոտությունը լավ բան չէ, որ վախկոտությունը միշտ հաղթվում է, միշտ ընկճվում, բայց շատ էր ցանկանում գոնե մեկ անգամ իր վրա փորձեր, մեկ տեսներ այդ ինչ բան է, ինչպես կան չտենդած մարդիկ, որոնք երբ մեկին տեսնում են դողոցքը բռնած ու ատամները իրար զարկելիս արևի տաք ժամանակ, և մնում են զարմացած, թե՝ «այս ինչ բան է, որ այսպես մրսեցնում է, երանի մեկ ես էլ դողացնեմ ու տեսնեմ ինչ բան է այս»։


Խիզախը հենց որ չափահաս եղավ, ամեն տեսակ փորձի ու վտանգի ենթարկեց իրան, բայց ոչ մի անգամ չզգաց երկյուղի զգացմունքը։


Այդ ժամանակ քառասուն հարամի են լույս ընկնում ու բոլոր աշխարհը դողացնում։ Սրանից էլ լավ առիթ չի լինիչ, ասում է Խիզախն ինքն իրան, որ ես էլ վախենամ մեկ անգամ։ Մեկ գնամ տեսնեմ այդ ինչ հարամիք են և ինչով են վախեցնում մարդկանց:


2


Քառասուն հարամիքը կենում էին մի մութ ու խոր ձորի մեջ: Մի ահագին սար իր փորը դատարկել էր ու նրանց համար շինել մի անմատչելի բնակարան. Իսկապես այդ սարափորը, մի աղա-