Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/595

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հա քաշել, տաք-տաք հալվա ածեց բուռը ու մեկ լավ այրեց։ Մեռելը վախեցավ, էլ չմեկնեց ձեռքը։ Խիզախը եփած հալվան տարավ տվավ ավազակապետին, առանց պատմելու, թե ինչ անցք անցավ գերեզմանոցում։

Որովհետև ավազակապետն ինքն էր մեռելի գերեզմանումը թաք կացել, մեռել ձևացել, որ վախեցնե Խիզախին, բայց ինքն իր աչքովը տեսավ, որ խիզախն ամենևին բանի տեղ չդրավ ու մի առանձին ուշք էլ չդարձրեց այդ ուրիշների համար մահառիթ երեվույթի վրա, էլ նրանում կասկած չմնաց, որ ինքը Խիզախն է նրանց ջարդողը։

Այդ բանը պատմեց ավազակներին և ասաց.

— Սուտ ու չեղած բաներից չվախեցողը՝ ուղիղ և եղած բաներից երբեք չի վախենալ։ Սա որ ողորմություն ուզող մեռելից չի վախենում, էլ ի՞նչ բանից կարող է վախենալ։

— Չվախենալը բավական չէ, — ասաց ավազակներից մեկը, — շատ ապրողներ կան, որոնք ոչ մի բանից չեն վախենում, որովհետև նրանց գլխումը տեղ չի գտնում ոչ խելոք և ոչ հիմար բաները։ Ապացուցելու համար, թե Խիզախն է մեզ վրա հարձակվողը, պետք է նրա քաջությունը փորձել։ Դու էլի հիվանդ ձևացիր և ուղարկիր անմահական ջրի, ուր ոչ մի գնացող դեռ վերադարձած չէ։ Եթե նա կկատարե այդ հանձնարարությունը, այն ժամանակ կհամոզվենք, որ մեր քառասունին հաղթողը նա է։ Այնուհետև մենք կառաջարկենք, որ մեզ հետ ընկեր դառնա ու քո երկրորդն ու փոխանորդը չլինի։ Դրա հետ միասին մենք կարող ենք բոլոր աշխարհքին տիրել և այսուհետև, ոչ թե ավազակ կլինենք, այլ մեծ իշխան ամեն մի նահանգում, ինչպես թագավոր։

— Այդ շատ լավ ասացիր, — կրկնեցին ամեն կողմից և Խիզախին ուղարկեցին անմահական ջրի։

(Երկրորդ տարբերակ)

Էլել է, չի ելել, մի պառավ։ Այս պառավը մի որդի է ունենում մինուճար։ Տղան երբ որ մեծանում է, լսում է, օր աշխարհումս շատ երկյուղալի բաներ կան, որոնցից պետք է հեռու մնալ։ Ասում է.