Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/611

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չէին ուտիլ։ Ճաշակը նրանց իմաց է տալիս, ասում է՝ «խակ է, թթու է, դեռ ուտելու ժամանակ չէ, մի՛ ուտեք», ատամներն ավելի են կրճտում, բարկանում, թե՝ «էլ չենք կարողանում կրծել, մեզ մի տանջեք». բայց կամակոր ու անմիտ մանուկներն ուտում են և պատիժն էլ կրում, թեպետ իրանք չեն հասկանում, թե այն ցավը, այն ջերմ ու տենդը ինչից հանդիպեց իրանց։


Վերջապես խակ պտուղները միմյանց հետևից հասունանում են։ Կեռասը դեղնում կարմրում է և թուշերը պլպլացնում։ Սև ու սպիտակ թութը ծածկում է ծառի հատակը։ Կանաչ վարունգի հոտով ամբողջ բուրաստանը բուրում է։ Նրա հետևից հասնում են և սեխն ու ձմերուկը, անուշահոտ ու նախշուն շամամը։


Ամառը երկրագործի աշխատության ամենաթունդ ժամանակն է։ Երկրի բերքերն այնպես շուտ-շուտ են հասնում իրար հետևից, որ եթե տան մեջ աշխատող ձեռքերը շատ չլինին, մենակ մարդը կշշկլվի և ոչ մի բան էլ լի կարող անել։


Դեռ գարունքավարը, ցել անելը չվերջացրած, խոտը գալիս հասնում է, որ եթե շուտ չհարվի, կվազանի, այսինքն հարելու Ժամանակը կանցնի, կփչանա։ Ձեռք է զարկում խոտին, մյուս կողմից գարին է հասնում. եթե թութն ունի, արաղ պիտի քաշի, նա է թափվում ծառերիցը. եթե այգի ու բանջարանոց ունի, նրանք էլ այնտեղ են չորանում, ջրվել են ուզում։ Մինչ այս, մինչ այն, աշնանացանն է հասնում. նրան հետևում է գարնանացանը։


Եթե դաշտային տեղ է գյուղը, պետք է երեխեքը, տավարը սարը տանել. ամառվան շոգերին նրանց դաշտումը կարելի չէ պահել, բայց սարումն էլ նրանց պահող պահպանող է պետք։


Հունձն ընկնում է, մշակ չի ճարվում։ Մենակ մարդն ի՞նչ կարող է անել, ո՞ր մեկին հասնե։ Մինչև մեկ արտը կհնձի, մյուսը կկծղի։


Այսպես երկրագործի ամառնային աշխատությունն այնքան շատ է և բազմակողմանի, որ մի հողին ամեն բանի հասնել չի կարող:


Այս հանգամանքը մեկ լավ պատճառ է, որ ամենքն էլ ընկերովի աշխատեն, եղբայրները միմյանցից շուտ չբաժանվին, մինչև որ հասած որդիք չունենան. դրացին դրացու հետ ամեն բանում հարաքաշ լինի, այսինքն աշխատակից, ընկերակից։ Եվ առաջ հենց այսպես են եղել ամենքը։ Բայց հիմա այդ ընկերության, եղբայրության ոգին վերացել է մեր գյուղերից։