Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/619

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քան թե քաղաքացիք. բայց եթե գյուղացիք մի փոքր կրթված ու աչքաբաց լինին, ձմեռը նրանց ոչ մի վնաս չի տալ և նույնքան օգտակար կլինի, ինչքան մյուս եղանակները։

Թեպետ ձմեռը համարվում է երեք ամիս, բայց լեռնային տեղերում մինչև հինգ ամիս պինդ ձմեռն է լինում։

Ձմեռվա ամիսներն են — դեկտեմբեր, հունվար և փետրվար։

1884

ԹՈԻԹԱԿՆ ՈԻ ՍՈԽԱԿԸ

Մի թութակ տան մեջ այնքան ճղղաց, շվշվաց, որ տանուտերը դուրս անել տվավ նրան։

Թութակի ինքնասիրությանը դիպավ այս բանը, և նա սկսեց գանգատվել սոխակին, որ եկել էր նրան տեսնելու։

— Աչքիս լույս,— ասաց թութակը սոխակին,— ես լսել եմ, որ դու լավ վարպետ ես երաժշտության մեջ. խնդրեմ լսես իմ երգերը և ասես ինձ, թե ինչ պակասություն կա նրանց մեջ, որ իմ տիրոջը չեն դուր գալիս։ նա շատ սիրով լսում է արտույտին ու ծիծեռնակին, որոնց երգածը մկան ծվծվոցի է նման, բայց հենց որ ես եմ երգում և իմ բոլոր ճարտարությունը ցույց տալիս, իսկույն հրամայում է, որ ինձ հեռացնեն։

— Շատ լավ,— ասաց սոխակը,— երգիր, տեսնեմ ինչպես ես երգում։ Ես ուրախությամբ կլսեմ քեզ պես սիրուն թռչունի երգը։

Թութակն սկսեց իր բոլոր ճարտասանությունը թափել.— հավի պես կչկչաց, շան պես հաչեց, կատվի պես մլավեց, մի խոսքով՝ կրկնեց իր բերան արած բոլոր բառերն ու երգերը։

— Այժմ, սիրելիս,— ասաց նա սոխակին,— խնդրեմ ասես, դու լսած կա՞ս մի այսպիսի բան երբևիցե։

— Սիրուն թութակ,— պատասխանեց սոխակը.— դու ինձ կներե՞ս, եթե ես քեզ մի համեստ նկատողություն անեմ։ Դու երդվում ես ուրիշների նման, ուրիշների ձայնով, ուրիշի երգեր ես երգում։ Եթե դու ունենաս քո սեփական երգը, էլ քեզ տանից դուրս չեն անիլ։

1884