Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հասկանալ։ Մի աշակերտ էլ էն օրն ինձ մի բան հարցրեց, չիմացա. հետո տեսա, թե ինչքան հեշտ է եղել։

— Ի՞նչ հարցրեց։

— Մի հասարակ խնդիր։ Ասում է՝ «Եթե հայրը քսանհինգ տարեկան է, իսկ որդին՝ մեկ, քանի՞ տարուց հետո որդին հոր տարիքի կիսին կհասնի, եթե միասին ապրելու լինին»։ Ասեցի՝ էդ ինչպե՜ս կարելի է։ Հետո որ բացատրեց, նոր իմացա, որ կարելի է եղել։

— Իհարկե կարելի է։ Երբ որ որդին հոր ներկա տարիքին հասնի, նրա կիսի չափ հասակ կունենա, որովհետև հայրը կդառնա հիսուն տարեկան, իսկ որդին՝ քսանհինգ, որ հիսունի կեսն է։ Բայց քեզ որ անհնարին է թվացել, դրա պատճառն էն է, որ դեռ կիսի ու քանիպատիկ լինելու վրա չես մտածել, այլ թե՝ հայրը որ հիմի քսանըհինգ տարով մեծ է որդուց, միշտ էլ էնքան մեծ կմնա...

— Ճշմարիտ ես ասում, հենց էդպես էի մտածում. էլ միտս չեկավ, թե մի թվի մեկէլ թվից քանիսով շատ լինելն ուրիշ է, քանիպատիկ մեծ լինելն ուրիշ։ Էդ հետո իմացա, բայց էլ ի՞նչ կօգներ․․․ Գիտե՞ս ինչ կա, Արություն, ես թվաբանության վրա շատ էլ չեմ մտածում, բան է էլի՜, թե որ կսովորեմ,— լավ, թե որ չէ, մի մեծ զրկողություն չի լինի ինձ համար...

— Բա էլ ուրիշ ինչի՞ վրա ես միտք անում։

— Ես մտածում եմ, թե ինչպես անեմ, որ սատանի հավատը չքացնեմ․․․

— Ինչպե՞ս թե «սատանի հավատը», երևի ուզում ես ասել՝ «սատանին հավատալը»...

— Իհարկե՝ սատանին հավատալը, թե չէ՝ սատանան ի՞նչ հավատ ունի, որ չքացնեմ...

— Հետո՞, ինչպե՞ս ես չքացնելու։

— Ահա ինչպես։ Երբ որ մենք հավատում ենք էնպես բաների, որ աներևույթ են, գերբնական են, մենք չենք կարող ոչ տեսնել ինքներս, ոչ ցույց տալ ուրիշին,— պետք է էն ժամանակ հավատանք միայն էն էակներին, որ մեզ օգուտ են տալիս, իսկ վնասակարներին չհավատանք, հերքենք, չընդունենք։ Օրինակ՝ ասում ենք՝ սատանա էլ կա, հրեշտակ էլ։ Սատանան մեր թշնամին է, հրեշտակը՝ մեր բարեկամը։ Եթե հրեշտակը