Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անունը Շոհլայի է։ Արությունն էլ իր անունը փոխեց ասելով՝ իմ անունն էլ Քերոբե է։ Արությունն իր մահակը սազի ձևով բռնեց և ծունկ չոքեց աշըղի դիմացը։ Սկսեցին առաջ ու առաջ խաղով պարծենալ։ Բայց որովհետև սկզբի ասելու իրավունքն աշըղինն էր, նա առաջ սկսեց. Արությունը պարտավոր էր հետևել նրա խաղի «ղաֆիային», որ նշանակում է դուռն։ Աշըղական խաղի բոլոր տներն մեկ դռնով պետք է դուրս գան, այսինքն՝ մի հանգի վերջավորությունով։ Արությունն ևս պետք է նույն հանգի վերջ տար իր տներին, ինչ հանգի որ վերջացներ աշըղը, եթե ամ՝ ամ, եթե ան՝ ան, եթե ազ՝ ազ, և այլն։

Շոհլայի

Ընդունիր ողջույնըս աշխույժ պատանի,
Համարձակ քաջի պես դուրս արի մեյդան.
Թող չելնե ասպարեզ, ով շնորհք չունի,
Աշըղ անուն տալը նրան չէ արժան։

Քերոբե

Կընդունեմ ողջույնդ, պատվելի վարպետ
Եվ կըտամ խոսքերիդ մեկ-մեկ պատասխան,
Չեմ մնալ քո առջև բթամիտ, անգետ.

Համարձակ կանգնող եմ քո դեմ հանդիման։
Շոհլայի

Կանչել եմ անունը Մշու Սուլթանի,
Որ մարդին նամարդին նա մոհդաջ չանի։
Երևի քաջ լինել դու չես արժանի,

Քեզնից պետք է խլել քո զենք՝ հրացան։
Քերոբե

Քա՞ջ եմ արդյոք թե ոչ, այդ շուտ կտեսնես,
Երբ ինքըդ քո զենքից՝ սազից կըզրկվես,
Զուր ասած խոսքերըդ կրկին ետ կառնես,

Կասես՝ մեղա՜ եմ քեզ, ի՜նչ արիր, յաման։