Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարդալ ես գիտում, ապա ասա, էն զադի անումն ի՞նչ ա, էն որ գիրը դնում են վրեն, կարթում․․․

— Նրան կասեն գրքակալ․․․

— Հա՜, գրքակալ, գրքակալ... Էդ գրքակալի անումն ոչով չի գիտում, ես էլ մեր տիրացվիցն եմ իմացել... Չէ՛, լավ գտար։ Արութին, դու որ ըդենց լավ կարդացող ես, բա ինչի՞ մի օր մեր ժամը չես գնում։

— Մենք հենց ամեն քշեր էլ ժամերումը չենք ըլո՞ւմ․ հրես էս ժամը չի՞։ Պողոս, հիմի քու խելքովդ, աստոծ մեծ կըլի, թե՞ էս ժամը...

— Հալբաթ աստված մեծ կըլի․․․

— Աստված որ ժամիցը մեծ ըլի, էլ կկա՞րա ժամումը տեղավորվիլ...

— Բա դու չես տեսե՞լ ժամի աստվածը...

— Էն աստծու պատկերն ա, ինքը հո չի։ Աստված շատ մեծ ա, շա՜տ է՜, շա՜տ... նրա պատկերը ոնց որ ժամումն ենք դնում, որ ամեն մարդ տեսնի, ընենց էլ պետք ա մեր սրտումը, մեր մտքումը ըլի։ Մեր սրտումն ի՛նչքան մեծ բան ասես, կտեղավորվի։ Երբ որ աստված մեր սրտումը կըլի, նա միշտ մեզ հետ կըլի, էլ ոչ մենք նրան ման կգանք, ոչ էլ նա մեզ։ Հիմի դու է՛ս ասա, մեկ մարդու սիրտը որ իստակ չըլի, էլ ընտեղ աստված կկենա՞։

— Դու էդ ինչե՞ր ես ասում, խոր-խոր տեղերից ես խոսում։ Արութին, դու էն մեծ գիրը կարդացե՞լ ես, էն որ ասում են՝ ինչ ասես՝ միջին կա. ով որ, ասում են, էն դիփ կարդացած ըլի, կգժվի։

— Ես էն չիմ (դիփ) կարդացել եմ, Պողոս․․․

— Ի՞նչ ա ասում...

— Հավատա՛։

— Դու բալքի չես գիտում, թե ես ո՛ր գիրքն եմ ասում։ Նա մեծ ա է՜, շատ մեծ։ Մեր տիրացուն որ խտտում ա, անջախ ա տանում ժամ, էնքա՜ն ծանդր ա։ Աշխարհքիս տակին ինչքան որ սրբեր են ըլել, բաներ են ըլել, չիմ էլ նրա միջին գրած ա։

— Գիտեմ, գիտեմ, ես էն դիփ կարդացել եմ։

— Բա որ կարդացել ես, ինչի՞ բա մի օր էլա նրա միջի սրբերիցը մի բան չասեցիր։