Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մնում և մահվան նախօրյակին նա հանձնել, պահ էր տվել իր մտերիմ, հոգեկից ընկերոջը՝ Հովհ. Թումանյանին:

«Կգա ժամանակ,— գրում է Աղայանն այդ աշխատության մեջ,— երբ մարդը ծովի երեսին կլողա ձկնից էլ արագ, բայց իմ ասած ժամանակը դեռ հասած չի լինի, կգա ժամանակ, երբ մարդը օդի մեջ կթռչի թռչունից էլ արագ, կգա ժամանակ, որ մարդը բնության տարերքներին ու զորություններին կիշխի և գործ կդնի, ինչպես հիմա գործ է դնում արջարն և եզը, մշակում է երկիրը, բայց և այդ ժամանակ մարդկային թշվառությունը վերացած չի լինիլ», ինչքան դեռ մարդկային հասարակության մեջ կշարունակվեն «զորեղների» գործադրած «զրկողությունը, անարդարությունը, անխղճությունը, անգթությունը» և այն բոլոր «մոլորությունները», որոնց գոյությունը պայմանավորված է մարդկային հասարակության մեջ տիրող սոցիալական-տնտեսական անհավասարությամբ:

Բայց այն ժամանակ, երբ մարդը լիովին կազատագրվի կենդանական աշխարհին հատուկ գոյության կռվի արտահայտություններից, «բոլորովին կմաքրվի անասնական և գազանական հատկություններից, այլևս չի՛ սպանիլ, չի՛ գողանալ, չի՛ զրկիլ և առհասարակ՝ կազատվի ամենայն մոլորություններից»,— այն ժամանակ մարդկությունը կհասնի երջանկության իդեալին: Իսկ «այդ աստիճանին հասնելու համար մի բան է հարկավոր՝ հավասարություն: Ամենայն մոլություն անհավասարության արդյունք է»:

Այն հասարակության մեջ, ուր տիրապետում է լիակատար նյութական հավասարություն, երբ մարդը «առանձին ոչինչ չի ունենալ, բայց ընդհանուրի հետ ամեն ինչ կունենա, այնտեղ կարող չէ գոյություն ունենալ ոչ մի թշվառություն, ոչ մի մոլություն»:

Այս խոսքերը շարադրված են ավելի քան վաթսուն տարի առաջ, երբ հեղափոխական դասակարգի՝ պրոլետարիատի գաղափարախոսների համար էլ լիակատար հավասարությունն իրականացնող հասարակությունը՝ կոմունիզմը շատ հեռավոր իդեալ էր:

Չի կարելի կասկածել, որ հավասարության աղայանական ըմբռնումը համընկնում է սոցիալիզմ հասկացողության, բայց, ըստ Աղայանի պատկերացման՝ սոցիալիստական հասարակարգի իրականացումը որոշակիորեն չի կապվում սոցիալական հեղափոխության հետ, այլ «ժամանակի բերմունք» է: Իսկ այդ ըմբռնումը հատկանշական է բոլոր նախամարքսյան ուտոպիական սոցիալիզմի տարատեսակներին, որոնց հետ էլ առնչվում է Աղայանի փայփայած սոցիալական հավասարության իդեալը:

Հարկ է նշել, որ Աղայանի համար այդ իդեալը վաղանցուկ մի միտք չի եղել, այլ նրան մշտապես զբաղեցնող և հետզհետե ավելի խորացող ամբողջական գաղափար, որին նա անդրադառնում է նաև մի առանձին հրապարակախոսական աշխատությամբ՝ «Ժամանակակից ատենախոսություն» խորագրով: Վերնագրի մեջ իսկ հեղինակը շեշտում է իրեն հուզող առաջադիր գաղափարի հրատապ այժմեականությունը:

Ուշագրավ է, որ Աղայանն այդ երկը գրում է իր աքսորի շրջանում՝ 1898 թվականի կեսերին, Նոր-Նախիջևանում և նույն տարվա վերջերին այն տպագրում