Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է Ավ․ Արասխանյանի «Մուրճ» ամսագրում (№ 10—12), այստեղից էլ արտատպվում առանձին գրքույկով:

Եթե «Տարրական ճշմարտություններ» աշխատության մեջ (1895 կամ 1896 թ.) «հավասարության» գաղափարին Աղայանն անդրադառնում է միայն վերջում, իբրև իր շարադրած «տարրական ճշմարտությունից» բխող մի հիմնական եզրակացություն, ապա՝ «Ժամանակակից ատենախոսություն» հրապարակախոսական տրակտատը ամբողջությամբ նվիրված է այդ գաղափարի, սոցիայական հավասարության, որպես իրականացված իդեայի պատկերմանը: Ի հակադրություն ժամանակակից բուրժուական հասարակության, որը մի «տգեղ, այլանդակ ներդաշնակություն» է ներկայացնում, որտեղ մասնավոր սեփականությունը «ժողովրդի թշվառության աղբյուրն է», Աղայանը պատկերում է հասարակական-տնտեսական կյանքի մի նոր ու գեղեցիկ ներդաշնակություն, որի հիմքը «ընկերական, համայնական սեփականությունն է»՝ ժողովրդի երջանկության աղբյուրը:

Մարդկային «համայնքի բարեկեցության և երջանկության աղբյուրը նրա ընդհանուր սեփականությունից կարող է բխել... Ապա ուրեմն մասնավոր սեփականություն որ բնավ չլինի, այլ միայն ընդհանուր, այն ժամանակ չարությունն իսպառ կվերանա աշխարհից և միայն բարին կթագավորի, այո՛...— ասում է Աղայանն իր «Ժամանակակից ատենախոսության» մեջ պատկերված երիտասարդ «ատենախոսի» բերանով:

Ըստ Աղայանի, այդ հասարակակարգը ոչ միայն ցանկալի է, այլև անպայման իրականանալու է՝ «ժամանակի բերմունքով», անխուսափելիորեն: Ինչքան էլ արգելքներ ու խոչընդոտներ կան նրա իրականացման ճանապարհին՝ այնուամենայնիվ, նա լինելու է, որովհետև «ժամանակի բերմունքի առաջը ոչ ոք, ոչ մի ուժ չի կարող առնել, նա կարողանում է հեղաշրջել ամենայն ինչ և գլխիվայր դրված մարդուն նորից ոտքի վրա կանգնեցնել»,— ասում է Աղայանը («Մուրճ», 1898 թ., № 10—11, էջ 1365):

Լիովին առաջադիմական համարելով «Ժամանակակից ատենախոսության» մեջ արտահայտված հիմնական գաղափարը, պետք է նշել նաև հեղինակի աշխարհայացքի ստվերոտ կողմը, որն առնչվում է քրիստոնեության ուսմունքի հետ: Ապագայի սոցիալական հավասարության և մարդկային երջանկության իրականացման գաղափարը Աղայանը արտահայտում է երիտասարդ քահանայի միջոցով: Այդ արված է, իհարկե, գրաքննական նկատառումներով, բայց այնուամենայնիվ դրա հետևանքով էլ «Ժամանակակից ատենախոսությունը» տոգորված է քրիստոնեական բարոյախոսությամբ, որը մենք մերժում ենք:

Չնայած այդ էական թերության, իր աշխարհայացքի հիմնական գծերով, ժամանակի հասարակական-քաղաքական հարցերի ըմբռնումով, Աղայանն անշուշտ Միքայել Նալբանդյանի ամենահավատարիմ հետևորդներից է և նախամարքսյան սոցիալիզմի առաջին ներկայացուցիչներից մեկը հայ իրականության մեջ: Սոցիալական անհավասարության վերացման ուղիների անդուլ որոնումով նա կառուցում է իր սոցիալական ուտոպիան, որը նշանակալից տեղ է գրավում և՛ նրա հրապարակախոսության, և՛ հայ հասարակական մտքի պատմության մեջ ընդհանրապես: