Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այլ առողջության։ Հիվանդոտ վիճակը, հիվանդոտ կազմվածքը ճշմարիտ գեղեցկության հասնել չի կարող։ Ես հիմա չեմ կարողանում մի հավ մորթել, մորթելիս էլ որ տեսնում եմ, վրդովվում եմ։ Ի՞նչ է այս, եթե ոչ մի նյարդային հիվանդություն, ֆիզիկական թուլության հետևանք։ Մի ժամանակ ես ճարպիկ որսորդ էի, անխնա կոտորում էի ամեն պատահած վայրենի, իսկ հիմա նույնիսկ ձուկը չեմ ուզում ջրիցը հանել, սրտիս ցավ է տալիս։ Հիվանդություն չէ՞ սա, հապա ի՞նչ է։ Ո՛չ, այսուհետև ես պետք է հավ էլ մորթեմ, ոչխար էլ, և տեղը եկած ժամանակ՝ չպիտի խղճամ այլևս և պիտի կոտորեմ բոլոր վնասակար կենդանիներին։ Ենթադրիր, որ սայլը ցեխումն է մնացել, և գոմեշները դուրս կքաշեն միայն այն ժամանակ, երբ մի քանի զորեղ հարվածներ կտաս նրանց։ Հիմա ինչպե՞ս կհրամայես, գոմեշներին ծեծենք, որ սայլը դուրս քաշե՞ն, թե՞ չծեծենք, և սայլը թողենք ցեխումը։

— Իհարկե, եթե չծեծելը հիվանդություն է, առողջանալու համար պետք է ծեծել... բայց գոմեշներին ծեծողը իր կնկան էլ է ծեծում, վա՜յ թե դու այդ էլ սովորես և առողջանալու դեղ համարես, հետո ես ի՞նչ անեմ...

— Եթե դու էլ մեր տան կառավարության սայլը ցեխումը կթողես, այն ժամանակ հարկ կլինի քեզ էլ ծեծել, որ առողջանաս,— ասաց Սմբատը ծիծաղելով և համբուրելով կնոջը...

— Լսի՛ր, Սմբա՛տ,— շարունակեց Ոսկեհատը,— դու հանկարծ ես ուզում փոխվել, բայց ամեն մարդ կարող չէ հանկարծ փոխվել։ Գոնե ես ինձանից այնքան հույս չունիմ, բայց երբ քեզ կտեսնեմ արորի մաճը բռնած հերկ անելիս, այն ժամանակ ես էլ խոհանոցի շերեփը կառնեմ ձեռքս և քեզ համար խաշիլ կեփեմ. երբ որ քեզ կտեսնեմ բահով փորելիս, ես էլ կովը կկթեմ, և քեզ համար կաթնով ճաշ կեփեմ. երբ դու հունձ կանես, կալ կկալսես, կքամես, ես էլ ցորենը կխախալեմ, աղուն կանեմ։ Դու կտանես ջաղաց, կաղաս, կբերես, ես էլ խմոր կանեմ, քեզ համար գաթա կթխեմ։

— Հոգի՛ս, դու ինձ սիրտ տուր, աստուծով ես կանեմ, ինչ որ ասում եմ, դու իզուր ես կասկածում։

— Հավատացիր, Սմբա՛տ, երբ որ մենք մեզ ու մեզ կլինենք, ազատ և անկախ, տան բոլոր անելիքը ես ինքս կանեմ.