Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

իհարկե մի մշակ կին կունենանք միշտ, դու ինքդ էլ հո՛ առանց ծառայի չես լինիլ։ Ես էլ եմ նկատում, որ ֆիզիկական աշխատանքից փախչողը չարաչար վնասվում է, լինի նա տղամարդ, թե կինարմատ։ Չկարդալով ու չգրելով՝ մարդուս միտքը չի բթանալ, որովհետև միշտ խոսում, դատում և մտածում է. գուցե տեղեկությունների պաշարը միայն քիչ լինի, բայց աշխատելուց փախչելով, թուլանում է նրա ամբողջ կազմվածքը։

— Անշուշտ։ Մի՛ մոռանալ, որ ինչպես թոքերը, նույնպես և ուղեղը ամբողջ կազմվածքի մասերն են։ Ֆիզիկական աշխատանքից զուրկ մարդու ուղեղն ի՞նչ ուժ կարող է ունենալ։ Եվ մի՞թե միայն ուղեղն ու թոքերն են գլխավորը։ Մենք դեռ լավ չգիտենք մարդուս կազմվածքի շենքը, նրա մասերի կապակցությունը, միմյանց վրա ունեցած ազդեցությունը, իրարից կախում ունենալը, նրա աճելության եռանդը, չափը։ Ի՞նչ արժե, երբ որ մարդուս քունն անուշ է լինում, մարսողությունը կանոնավոր, ուժը եռ է գալիս ներսը և կրակոտ ձիու նման տեղը հանդարտ կանգնել չի կարողանում, ուզում է վազել, խաղալ, մի ծանրություն բարձրացնել, բանն այնպես է անում, որ կարծես մի անուշ կերակուր լինի ուտելիս մեծ ախորժակով։

— Իրավ որ։ Այս քանի տարի է, ես դեռ ախորժակով հաց կերած չէի։ Անցյալ օրը այգումը լվացք էինք անում. ես բավական աշխատեցի։ Կերակուր չէինք տարել հետներս, այլ միայն ցամաք հաց։ Բայց այնպես լավ թվաց, որ համը բերանումս մնաց։ Քո նպատակն է ուրեմն ապրել այնպես, ինչպես որ պետք է ապրեր մարդ, որ չվնասվեր նրա ո՛չ հոգին, ո՛չ միտքը և ո՛չ մարմինը, որ ինձ քանի անգամ ասել ես։

— Ապրի՛ս, հոգի՛ս, հենց այդպես։ Հեռու լինել քաղաքի զեխ, անբնական և անբարոյական կյանքից, ապրել բնության ծոցումը պարզ և անարատ, հողի հետ գործ ունենալ, նրան համարել սննդարար մայր։ Շահաստացության տեսակետից էլ որ նայենք, մեր օգուտն այս է պահանջում։ Ունենալ սեփական տուն, սեփական այգի, սեփական հող, անտուն անտեղ չթափառել մուրացկանի պես։ Այսօր մի ծառ կտնկենք մեր ձեռքով, կխնամենք, կպահենք, մի երկու տարուց հետո նա