Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չեմ ուզում ես, տոտիկներ էլ չեմ ուզում։

— Բա ի՞նչը կուզես։

— Աչիկներն եմ ուզում։

— Աչիկներն ինձ է տվել տատիկը, քեզ չեմ տալ,— գոչեց Վանին։

— Նազիկ, կուզե՞ս, կատարը դո՛ւ վերցրու, տոտիկները՝ ես,— ասաց Հռիփսիկը։

— Չեմ ուզում. ես աչիկներն եմ ուզում,— պնդեց Նազիկը։

— Վանի, դու կատարը վե՛ր առ, ես տոտիկները, իսկ Նազիկը՝ աչիկները։

— Ի՞նչ եմ անում կատարը, տատիկն ում ինչ որ տվել է, ա՛յն էլ նրանը։

— Ճշմարիտ է ասում Վանին,— ամեն կողմից գոչեցին երեխեքը։

Նազիկը գոհ չմնաց, և վեճը երկար շարունակվեց։ Բայց տատիկը չէր լսում․ նա գլուխը դրել էր բարձին և քնել, էլ չէին կարող զարթեցնել։ Վեր կացան, իրանք էլ մտան տեղերը։


Բ

Մյուս երեկոյին երեխեքը էլի հավաքվեցին տատիկի մոտ, որ շարունակե հեքիաթը։ Նա էլ սկսեց.

— Անցած գարնանը մեր պարտեզի ծառի վրա մի սիրուն կկու կար։ Ես նստած էի ծառի տակին, և դուք մեկ-մեկ եկաք ինձ մոտ։

Երբ որ Արշակը ներս մտավ, կկուն կանչեց.— Կո՜ւ-կո՜ւ։
Եկավ Շողիկը, կկուն կանչեց՝ Պո՜ւ-պո՜ւ։
Եկավ Տիգրանը, ասաց՝ Դո՜ւ-դո՜ւ։
Եկավ Վանին՝ ասաց՝ Գո՜ւ-գո՜ւ։
Եկավ Հռիփսիկը, ասաց՝ Բո՜ւ-բո՜ւ։
Եկավ Նազիկը՝ կկուն է՛լ ոչինչ չասաց, թռավ գնաց։

— Օ՜խ, օ՜խ, Նազիկ, օ՜խ, օ՜խ, կկուն քեզ համար ոչինչ չի ասե՜լ— միաբերան ձայն տվին երեխեքը։

Նազիկը շատ նեղացավ, թե ինչու կկուն իր համար ոչինչ չի ասել և սկսեց լաց լինել։

Տատիկն ասաց.— Նազիկ, գիտե՞ս՝ ինչու կկուն քեզ համար