Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եղել է նույն տարվա օգոստոսի վերջին («Дозволено цензурою. Тифлис, 1972 года 25-го августа»)։

Աղայանի հուշագրքից տեղեկանում ենք, որ «Երկու քույր»-ը, նախքան տպագրության հանձնելը, ընթերցվել է Թբիլիսիում գրասեր հայ կին գործիչների կազմակերպած մի «գրական երեկոյին»։ Վեպը Սիմոնյանցին ուղարկելուց «երկու շաբաթ անցած, գրում է Աղայանը,— ես մի նամակ ստացա տիկին Սրբուհի Երիցյանի և օր. Գայանե Հովհաննիսյանի ստորագրությամբ, որով ինձ շնորհակալություն են հայտնում այն քաղցր տպավորության համար, որ ստացել են իմ վեպի ընթերցումից իրանց գրական երեկոյում» (հ. 3, էջ 153)։

Վեպի տպագրությունը տևել է ոչ ավելի, քան չորս ամիս և լույս է տեսել նույն տարվա դեկտեմբերի սկզբին։ Այդ հաստատվում է 1-ին՝ հրատարակությանը վերաբերող լրագրական մի շարք ծանուցումներով։ Ահա, օրինակ, առաջին անգամ «Մեղու Հայաստանի» թերթի 1872 թ. հոկտեմբերի 21-ի և ապա՝ նոյեմբերի 18-ի համարներում, հաղորդվում է, որ՝ «Շուտով Մեղուի բաժանորդագրվողները կստանան «Երկու քույր» անուն ազգային վեպը, գործ՝ պ. Ղ. Աղայանց, համաձայն խմբագրության խոստման, ի տեղի հունվար և փետրվար ամիսների համարներին...» («Մեղու Հայաստանի», 1872, № № 34 և 38)։

Եվ իրոք, թերթի դեկտեմբերի 16-ի համարում արդեն ծանուցված է, որ՝ «Մեղու»-ի բաժանորդները այս համարի հետ կստանան «Երկու քույր» ազգային վեպը...» (ն. տ., № 42)։

Ուրեմն վեպը գրվել է 1872 թ. մարտի 2-ից հետո և լույս է տեսել 1872 թ. դեկտեմբերի սկզբին՝ գրաքննիչի թույլտվությունից մոտ երեք ամիս հետո։

Վերոհիշյալ լրագրական ծանուցումներն ու հեղինակի հուշագրումները վկայում են, որ «Երկու քույր»-ը առաջին անգամ տպագրվել է «Մեղու Հայաստանի»-ի հրատարակությամբ, ինչպես որ նշված է գրքի անվանաթերթի երկրորդ երեսին՝ «Հրատարակություն «Մեղու Հայաստանի» լրագրի»։

Վեպի վերնագրից («Երկու քույր») հետո կա հետևյալ ենթավերնագիրը.

«ԵՂԵՐԱԿԱՆ ՎԵՊ
(գյուղական կյանքից)»

Հետագա հրատարակություններում այդ բացատրականը այլևս չկա. հեղինակն այն ավելորդ է համարել ու հանել է։

Ի դեպ՝ այդ ենթավերնագրի հետ են կապվում մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի պատանեկական տարիներին վերաբերող հուշերը, որոնք ուշագրավ վկայություն են «Երկու քույր» վեպի՝ ժամանակակից (70—80-ական թթ․) պատանեկության ու երիտասարդության վրա թողած տպավորության մասին։

Բանաստեղծի մեծ քույրը Աղայանի աշակերտուհին է եղել Ալեքսանդրապոլի Արղության դպրոցում, 1870-ական թվականներին։ Իսահակյանը պատմում