Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու գրաբարի տարրերից, որոնք զգալի են առաջին հրատարակության մեջ։

Այստեղ հնարավոր ու անհրաժեշտ չէ անդրադառնալ այդ բոլոր փոփոխություններին, բայց դրանց մասին որոշ պատկերացում տալու համար բերենք մի երկու օրինակ։ Վերցնենք վեպի սկզբի պարբերությունը։

1-ին հրատ. (1872 թ.)
«Ես 12 տարեկան էի և կարդում էի Շ... գյուղի քահանայի մոտ։ Մեկ ամառվան շոգ օր էր։ Տանձի ծառի տակ, տերտերից հեռու նստած, որպես թե դաս էի սերտում, բայց երեսս էր միայն գրքի դիմացը» (էջ 1)։
2-րդ հրատ. (1892 թ.)
«Ես տասներկու տարեկան էի և գիր էի սովորում ՇԱ. գյուղի քահանայի մոտ։ Մեկ ամառնային շոգ օր էր։ Երկու հատ տանձի ծառեր կային տան ետևը, նրանց մեկի ստվերում տերտերն էր նստել և սաղմոս էր քաղում, իսկ մյուսի տակ ես էի դաս սովորում» (էջ 5)։

Նույն պատկերն է, բայց 2-րդ հրատարակության մեջ այն նկատելիորեն փոխված է։ Այդպիսի փոփոխություններ կան վեպի թե՛ առաջին և թե՛ երկրորդ մասի գրեթե բոլոր գլուխներում։ Մի օրինակ էլ բերենք երկրորդ մասից. Ա գլխի սկիզբը.

1-ին հրատ. (1872 թ.)
Ամառն էր։ Դ... գյուղի ժողովուրդը սովորություն ուներ ամեն ամառ սար երթալու։ Գեղամա լճի հյուսիսային ծայրից սկսյալ, ուր ընկած էր Դիլիջանու սարերը, մինչև Փարվանա լիճը... (էջ 58)։
2-րդ հրատ. (1892 թ.)
Ամառն էր։ Գյուղացիք սովորություն ունեին ամեն ամառ սար երթալու։ Ս՛եր սարերը, որ ձմեռն անմարդաբնակ են լինում և անհյուրընկալ իրենց բուք ու բորանով, ամառ ժամանակ կատարյալ դրախտի են փոխարկվում...» (էջ 77)։

1-ին հրատարակության մեջ «Միջանկյալ պատմություն»-ը համարակալված է, իբրև Ե գլուխ, առանց փակագծային ենթավերնագրի, իսկ հետագա (1892 թ.) հրատարակության մեջ՝ այն իրոք «Միջանկյալ պատմություն» է և առանց համարակալման տրված է Ե և Զ գլուխների միջև՝ փակագծերում դրված հետևյալ վերնագրով՝ «Ով չուզենա, կարող է չըկարդալ»:

Նախասովետական շրջանում «Երկու քույր»-ը ունեցել է ևս մեկ (3-րդ) հրատարակություն, հեղինակի մահից հինգ տարի անց՝ 1916 թվականին։

Նախորդ երկուսի (1872, 1892) համեմատությամբ այս հրատարակությունն էլ ունի զգալի տարբերություններ, որոնք մասամբ համապատասխանում են առաջին հրատարակության տեքստին։ Բայց ընդհանուր առմամբ 3-րդ հրատարակությունը կատարված է 2-րդի հիման վրա։

Վեպի ինքնագիրը մեզ չի հասել, ուստի և հեղինակի կենդանության օրով տպագրված երկու հրատարակություններր ինքնագրի արժեք ու նշանակություն ունեն։ Հեղինակի արխիվում պահպանվում է «Երկու քույր» վերնագրի տակ մի ձեռագիր, որը պարունակում է 1-ին և 2-րդ հրատարակությունների