Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեքստային տարբերությունները՝ համապատասխան էջերի և ասքերի նշումով։ Ձեռագիրը պատկանում է հեղինակի որդուն՝ երաժշտագետ Մուշեղ Աղայանին, որի նախաձեռնությամբ ու հսկողությամբ կատարվել է վեպի 3-րդ հրատարակությունը։

Սովետական շրջանում «Երկու քույր»-ը առանձին գրքով չի հրատարակվել, իսկ հեղինակի երկերի ժողովածուում տպագրվում է երկրորդ անգամ։


ԹԵՄԱԿԱՆ ՏԵՍՈՒՉ
(241-267)

Անավարտ մնացած այս վիպակը գրվել է 1881 թվականին, Շուշիում, որտեղ ուսուցիչ էր Աղայանը՝ 1878—1882 թվականներին։ Իր հուշագրքում («Իմ կյանքի գլխավոր դեպքերը», 1893 թ.) հեղինակն ասում է, որ Շուշիում ինքը շատ խիստ զբաղված է եղել դպրոցական աշխատանքով, այնքան, որ՝ «Ինչպես կասեն, քիթ սրբելու ժամանակ չունեի և ոչինչ չգրեցի, բացի մի «Անահիտ»-ից և մի «Թեմական տեսուչ»-ից, որ «Մեղու»-ի մեջ տպվեց կիսատ-պռատ» (հ. 3, էջ 168)։

Հեղինակի այս խոսքերը կարևոր վկայություն են նրա երկի պատմության մասին։

«Թեմական տեսուչ»-ն, իրոք առաջին անգամ տպագրվել է «Մեղու Հայաստանի» թերթի 1881 թ. սեպտեմբերի 2, 3, 4, 5 և 9-ի համարներում (№ № 175, 176, 177, 178 և 181), ամեն անգամ մեկական գլուխ, յուրաքանչյուրի վերջում «Կշարունակվի» խմբագրական նշումով, ըստ որում «Ե. — Ապականության որջեր» գլխի վերջում նշված է, թե՝ «Շարունակությունը կրլինի» (№ 181 ). բայց թերթի հաջորդ համարներից ոչ մեկում խոստացված շարունակությանն այլևս չենք հանդիպում։ Հավանաբար գրաքննական արգելքի հետևանքով է, որ վիպակի շարունակությունը չի տպագրվել։

«Մեղու Հայաստանի»-ում տպագրվածի և հեղինակի արխիվում պահպանված ինքնագրերի համեմատությունից պարզվում է, թե ինչպիսի էական կրճատումներ ու բացթողումներ են եղել առաջին տպագրության ժամանակ։ Եվ դա հասկանալի է։ Վիպակն ամբողջությամբ ուղղված է հայ հետադեմ ու բարոյապես այլասերված հոգևորականության, ինչպես և ցարական իշխանության ճնշիչ քաղաքականության դեմ։ Հեղինակը ճշմարտացի պատկերում է Անդրկովկասի հայկական դպրոցների թշվառ վիճակը, մերկացնում ցարիզմի կիրառած ռուսացման քաղաքականությունը և ցուցադրում այն հալածանքը, որին ենթարկվում էին ժողովրդանվեր ու ազնիվ հայրենասեր հայ ուսուցիչները 80-ական թվականներին։

Հեղինակի նշումն այն մասին, որ «Թեմական տեսուչ»-ը թերթում տպագրվել է «կիսատ-պռատ», նկատի ունի ամենից առաջ այն, որ մի ամբողջ գլուխ («Բարեգործական չարագործություն») բաց է թողնվել և ապա՝ այն, որ տպագրված գլուխներում ևս կան բազմաթիվ կրճատումներ, որոնք թույլ չեն տրվել գրաքննական արգելքի հետևանքով։