Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ապա՝ առավելապես 80-ական թվականներին, երբ «Ուսումն մայրենի լեզվի» առաջին տարվա դասագրքի (առաջին՝ տպագրությունը 1875 թ.) վերահրատարակություններին զուգընթաց գրող֊մանկավարժը ձեռնարկում է իր նույնանուն դասագրքի 2֊րդ ու 3-րդ (1882—1883) և ապա չորրորդ տարվա դասընթացների պատրաստմանը։ Պատմվածքների մի փոքր մասն (միայն տպագրվել ժամանակի պարբերական մամուլի օրգաններում («Վարժարան», «Աղբյուր», հետագայում նաև՝ «Հասկեր»), բայց գրեթե ամբողջապես դրանք զետեղված են «Ուսումն մայրենի լեզվի» 1֊ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ տարիների դասագրքերում՝ ժամանակի ընթացքում բազմիցս վերահրատարակվելով նույն դասագրքերում։ Ձեռքի տակ չունենալով (Երևանի գրապահոցներում չկան) այդ դասագրքերի մանավանդ սկզբի և հետագա մի շարք հրատարակությունները, մենք հնարավորություն չունենք բոլոր պատմվածքների վերաբերյալ առանձին-առանձին նշումներ կատարելու, թե դրանցից ո՛րը և ե՛րբ է առաջին անգամ տպագրվել դասագրքի այս կամ այն հրատարակության մեջ։

Ահա, օրինակ, կարող ենք որոշակի ասել, որ «Գյուլնազ տատի հեքիաթը» նախ տպագրվել է «Վարժարան» ամսագրի 1884 թ. № 4-ում (մանկական բաժին), իսկ թե՝ երբ է առաջին անգամ մտել «Ուսումն մայրենի լեզվի» Ա տարվա դասագրքում, չենք կարող ասել, որովհետև այդ դասագրքի՝ հեղինակի կենդանության օրով եղած 29 հրատարակությունների մեծ մասը Երևանի գրապահոցներում չկա։ Կամ ահա, մի այլ օրինակ՝ «Խելոք գլուխը», վերնագրով պատմվածքին հանդիպում ենք առաջին տարվա դասագրքի 18-րդ հրատարակության մեջ (1902 թ.), իսկ թե առաջին անգամ ե՛րբ և ո՛ր հրատարակության մեջ է մտել, հայտնի չէ նույն պատճառով։

Բայց Աղայանի դասագրքերի այլ և այլ հրատարակությունների (որոնք կան Երևանի գրապահոցներում) բովանդակությանը ծանոթ լինելով, կարող ենք ասել, որ հեղինակի երկերի այս հատորում տպագրվող գրեթե բոլոր պատմվածքներն էլ կան նրա դասագրքերում, ըստ որում մի քանիսն էլ (օրինակ «Ծառերի գանգատը», «Գյուլնազ տատի հեքիաթը», «Խելոք գլուխը» և այլն) միաժամանակ նաև «Արևիկ» դասագրքում (1907—1908 թթ, հրատարակություններում )։

Պատմվածքների վերջում նշվող թվականները ոչ թե դրանց գրության, այլ առաջին տպագրության թվականներն են։

Նախասովետական, ինչպես և սովետական շրջանում Աղայանի այս պատմվածքները առանձին ժողովածուով չեն հրատարակվել։

Պատմվածքներից 15-ը տպագրվել են հեղինակի նախորդ չորսհատորյակի առաջին հատորում (էջ 117—139). դրանք են՝ «Գյուլնազ տատի հեքիաթը», «Գյուլնազ տատի թոռները», «Մանկական հեքիաթ», «Խելքն ու բախտը», «Ծառերի գանգատը», «Մեղուն և աղավնին», «Ապագայի համար», «Ծույլ տղա», «Դանակով», «Մայր և որդի», «Գարուն», «Ամառ», «Աշունք», «Այգեքաղ» և «Ձմեռն»։ Մյուս բոլոր 17 պատմվածքները հեղինակի դասագրքերից հետո երկրորդ անգամ վերահրատարակվում են ներկա հատորում։

ԱՍ․ ԱՍԱՏՐՅԱՆ